Նիկոլ Փաշինյանը որևէ որոշում չի կայացրել, նա, պարզապես, հրապարակավ հայտարարել է օրենքի կիրառման հետ կապված մոտեցումներից մեկի մասին, որին զուգահեռ բազմաթիվ իրավաբաններ հակառակ կիրառման մասին են խոսում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ պետք է նաև հասկանալ, թե ԳՇ-ն ինչպիսի մոտեցում է ցուցաբերել այս հարցի վերաբերյալ:
Նա ասաց՝ որքան ժամանակ է, ինչ բազմաթիվ իրավաբաններ հրապարակավ հիմնավորումներ են բերում, որ առհասարակ ԳՇ պետի պաշտոնից ազատելու գործընթացը ոչ թե, պարզապես, հակաիրավական է, այլ առ ոչինչ է. «Դա իրավաբանորեն նշանակում է, որ այն որևէ հետևանք առաջացնել չի կարող այն էլ իրավունքի ուժով: Նիկոլ Փաշինյանը չէ, որ որոշի, թե ԳՇ պետը շարունակում է պաշտոնավարել, թե՞ չի շարունակում»,- նշեց իրավապաշտպանը:
Ռուբեն Մելիքյանը նախագահի՝ այսօր ՍԴ-ին դիմելը մեկնաբանեց որպես անհաջող փորձ իր հեղինակությունը փրկելու համար. «Ես համարում եմ, որ նախագահի կողմից արդեն իսկ իր կարգավիճակը և հեղինակությունը զրոյացնելուց հետո, սա այն ինչ-որ ձևով փրկելու անհաջող փորձ: Հիշեցնենք, որ նախագահը հրապարակավ հայտարարեց, որ առերևույթ հակասահմանադրական է Օնիկ Գասպարյանի հետ կապված գործընթացը և դրա համար նա կարող էր դիմել ՍԴ՝ սահմանված ժամկետում, որը չէր արել: Կարծում եմ, այս գործընթացը այս պահին կարևոր նշանակություն ունենալ չի կարող»,- նշեց Ռուբեն Մելիքյանը:
Վերջինս այն կարծիքին է, որ Օնիկ Գասպարյանը կշարունակի պաշտոնավարումը:
Զվարթ Պետրոսյան