«Մարդկային ռեսուրսների ասոցիացիա»-ի նախաձեռնած և հունվարին մեկնարկած «Նոր Էջ» նախագիծը միտված է աջակցել մարտական գործողություններին մասնակցած 18-30 տարեկան անձանց՝ իրականացնելու մասնագիտական կողմնորոշում և վերագտնելու իրենց աշխատաշուկայում։ Մարտի 10-ին կայացած հանդիպմանը ներկայացվեց նախագծի մանրամասները։ Ծրագրի շրջանակում բազմաթիվ երիտասարդներ են դիմել ամենատարբեր մասնագիտությունները ստանալու համար։ 100-ից ավելի գործատուների կողմից տրամադրված թափուր աշխատատեղերի պահանջներին համապատասխան իրականացվելու են ուսուցման և զարգացման դասընթացներ։
Լրագրողների հետ զրույցում «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ի տնօրեն Արփի Կարապետյանը նշեց՝ իրենք ոչ թե աշխատանքի տեղավորելու խոստում են տալիս, այլ դառնում են կամուրջ՝ աշխատանք փնտրող պատերազմի մասնակից երիտասարդների և գործատուների միջև․ «Երեք կոմպոնենտ կա ծրագրում․ գործատուները, երիտասարդները և այն մասնագետները, որոնք ունեն փորձ, հմտություն և պատրաստ են աջակցել։ Մենք դուռ ենք բացում, որպեսզի երիտասարդները ստանան այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են գործատուներին»,- ասաց Կարապետյանը։
Հավատարիմ մնալով հասարակության հետ արժեքներն ու մարտահրավերները կիսելու իր պատրաստակամությանը՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիան»-ն աջակցում է ասոցիացիայի կողմից նախաձեռնած ծրագրին՝ հավատալով, որ բիզնեսի, «Մարդկային ռեսուրսների ասոցիացիա»-ի և հասարակության համատեղ ջանքերի շնորհիվ, ծրագիրը մեծ հաջողություններ կունենա։
««Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը գործում է աշխարհի 180-ից ավելի երկրում և յուրաքանչյուր երկրում մենք հասարակության ներդաշնակ մասնիկ ենք կազմում։ Դա է պատճառը, որ փորձում ենք կիսել հասարակության հետ խնդիրները՝ ստեղծելով արժեքներ հասարակության հետ։ Հավատում ենք, որ «Նոր էջ» նախագիծը կօգնի երիտասարդներին վերագտնել իրենց և վերադառնալ իրենց բնականոն կյանքին»- ասաց «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի արտաքին կապերի և հաղորդակցությունների բաժնի գործադիր Գարիզետա Չախոյանը։
Միջոցառմանը ներկա էին այն ընկերությունների ղեկավարները, որոնք կիսում են ծրագրի տեսլականը, ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ և սոցիալական պատասխանատվությունը ցուցաբերել կարևոր խնդրի լուծմանը:
Նախագծի կազմակերպիչներից Ավրորա Բարեալիս մարքեթինգային և բրենդինգային կազմակերպության հիմնադիր/տնօրեն Արթուր Ազիզյանը նշեց, որ նախագիծն ընդամենը նշում կատարելու համար չէ, ամբողջ գործընթացը լրջորեն մտածվել, նախագծվել և իրականցվում է։
Միջոցառման ընթացքում առանձնահատուկ նշվեց, որ մարտի 31-ը դիմումների վերջնաժամկետն է․ մինչ այդ երիտասարդները հնարավորություն ունեն ծրագրին դիմելու և նոր մասնագիտացում ձեռքբերելու համար։
Դիմել կարելի է այստեղ կամ այցելելով «Նոր էջ»-ի ֆեյսբուքյան էջ։