ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի, այսօր՝ մարտի 15-ին, մերժել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տվյալներ էր ստացել, որ Վահագն Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ եւ ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր՝ 1-2.5 մլն ՀՀ դրամի չափով կաշառք է ստացել։ Դրա դիմաց Վերմիշյանը 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը եւ տրամադրմանը:

Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

Նշենք, որ նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործով անցնում է նաեւ Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը: