Ինչպես քիչ առաջ հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը, Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է եւ եւս երեկ կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր. ընթանում են բանակցություններ:
Այս տեղեկությանը զուգահեռ սկսվեցին շրջանառվել նաև լուրեր այն մասին, որ Իշխանասարի ուղղությամբ մարտեր են ընթանում, հնարավոր կամավորագրումների են պատրաստում Գորիսի, Կապանի ու Մեղրիի արական սեռի բնակիչներին և, որ Լուսակերտից զորք են տանում դեպի Սյունիք, իսկ Վանաձոր քաղաքի զորամասին «տագնապ» հրամանով բարձրացնում են դիրքեր:
Այս լուրերի տարածումից հետո ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որով թշնամու զորքի առաջխաղացումը հաստատեց, իսկ մարտերի մասով՝ հերքեց:
Մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ պետք է հետևել ՊՆ-ի հայտարարությանը: Մեր այն հարցին, թե Իշխանասարի հատվածում մարտերի մասին տեղեկությունը և՞ս չի համապատասխանում իրականությանը, վերջինս մի քանի վայրկյան լռելուց հետո խուսափողական պատասխան տվեց. «Իշխանասարը մեզանից բավականին հեռու է, տեղյակ չեմ՝ այնտեղ ինչ է կատարվում»,- ասաց նա:
Կապ հաստատեցինք նաև Վանաձորի քաղաքապետի հետ, պարզելու՝ ճիշտ է արդյոք, որ Վանաձոր քաղաքի (ДУЦ) զորամասին «տագնապ» հրամանով բարձրացնում են դիրքեր, վերջինս հերքեց այդ տեղեկությունը՝ հավելելով. «Եթե նման բան էլ լիներ ես ոչ մի լրատվամիջոցի նման տեղեկություն չէի տա»,- ասաց նա:
Նշենք, որ փորձեցինք նաև կապ հաստատել Գորիսի քաղաքապետի, փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի, Գևորգ Ալթունյանի և ԱԱԾ-ի հետ, սակայն, ապարդյուն:
Զվարթ Պետրոսյան