ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում մեկնաբանել է այն փաստը, որ Ադրբեջանը հեռացրել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը: Զախարովան ասել է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային և պատմական ժառանգության պահպանման թեման պարբերաբար քննարկվում է պաշտոնական Երևանի և Բաքվի հետ Ռուսաստանի շփումներում: Մասնավորապես, նրա խոսքերով, դա արծարծվել է մայիսի առաջին՝ կեսին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան և Ադրբեջան աշխատանքային այցի ընթացքում: «Մենք սատարում ենք տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպմանը, աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Համանախագահների կողմից այս տարվա ապրիլի 13-ին ընդունված հայտարարության մեջ ասվում է՝ կրոնական և մշակութային ժառանգությունը այն հարցերից մեկն է, որի պահպանման համար պահանջվում է, որ Ադրբեջանը և Հայաստանը լրացուցիչ ջանք գործադրեն», - ասել է Զախարովան։