Այսօր՝ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, ներկայիս իշխանությունը Հրապարակում պատրաստվում է համերգ կազմակերպել, սակայն այս հանգամանքը դուր չեկավ զոհված զինծառայողների հարազատներից շատերին: Նրանք հանդես եկան հայտարարություններով, որոնցում ասվում էր՝ բոլոր զոհված զինծառայողների հարազատաները ժամը 8-ին իրենց զոհված հարազատների լուսանկարներով պետք է լինեն Հրապարակում՝ համերգը տապալելու: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրիկի Աստղ Գալեյանի հետ, որն ասաց՝ ներկա պահին ինքնազգացողությունը վատ է, սակայն ամեն ինչ կանի, որ գտնվի Հրապարակում և թույլ չտա, որ այդ համերգը կայանա. «Մենք երեխաների դեմ ոչինչ չունենք, այս ամենը իշխանության դեմ ենք կազմակերպում: Ընդամենը 8 ամիս է անցել, ու պետական մակարդակով այսպիսի մեծ միջոցառում կազմակերպելը ուղղակի անթույլատրելի է. Եռաբլուրում դեռ հուղարկավորություններ են լինում, չգտնված դիակներ կան...: Այսպիսի միջոցառումը կազմակերպելը այս փուլում պետության համար ճոխություն է: Հունիսի 1-ի միջոցառումը բազմահազարանոց սգավոր ծնողների հաշվին, աններելի է»,- ասաց Աստղ Գալեյանը՝ հավելելով, որ ամեն ծնող ինքը իր համար կարող էր տոն դարձնել իր երեխայի տոնը:
Զոհված զինծառայողի մայրը նշեց, որ այստեղ դիտավորություն է տեսնում. «Իշխանությունը դիտավորյալ է անում այս ամենը, որպեսզի հունից հանի սևազգեստ ծնողներին, եթե մենք ունենայինք իշխանություն, որը գոնե 1 տոկոս կհարգեր մեզ, նման բան, իհարկե, թույլ չէր տա իրեն: Ես չեմ էլ հավատում, որ սա երեխաների համար նախատեսված համերգ է, ի՞նչ մանկական համերգ երեխաների քնելու ժամին»,- ընդգծեց Աստղ Գալեյանը:
Ըստ նրա խոսքերի՝ իր բարկության պատճառն այն է, որ վիրավոր զինվորի համար իշխանությունը գումար չունի, իսկ այդ համերգի համար՝ ունի. «Երբ վիրավոր զինվորը գնացել և օգնություն էր խնդրել կառավարությունից, որ գումար տային՝ արտերկրում բուժում ստանալու, մերժեցին՝ պատասխանելով՝ բյուջեում գումար չկա: Այս միջոցառման համար գումար կա՞ր, զինվորի համար չկա՞ր»,- ասաց նա:
Վերջինս ընդգծեց, որ կան մարդիկ, որոնք կշտամբում են իրենց, թե պետք է լռել, բայց Աստղ Գալեյանը համաձայն չէ լռելու մտքի հետ. «Մենք արտահայտություններ ենք լսում նաև հասարակության մի ստվար զանգվածից, որոնք ասում են, թե լուռ ձեր սուգը տարեք, ինչի լռե՞նք, թե՞ մենք պարտավոր էինք միայն երեխա ունենալ, տալ հայրենիքին ու լուռ նստել»,- նշեց նա:
Զվարթ Պետրոսյան