Իշխանափոխության օրերին արագաչափ սարքից իր ներքնազգեստը կախելով հայտնի դարձած և այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի ջատագով Անուշ Լալայանն ակնհայտորեն փոխել է դիրքորոշումը․ այժմ նրա ֆեյսբուքյան էջում կարելի է հանդիպել միայն հակաիշխանական գրառումների։ Այսօր էլ հերթական գրառումն է կատարել և դիմել խնդրանքով․ «Կարող եք Նիկոլին, նախընտրական տեքստերը գրելուց առաջ, ուղղակի հիշեցնել, որ 3 տարի պետության ղեկին ոչ ես եմ եղել, ոչ Դոնլդ Դակը, ոչ Միկի Մկնիկը, ոչ էլ առավել ևս Դորիս ձկնիկը: Նա է իր սեփական ուժերով մսխել հեղափոխությունը, նա է տանուլ տվել պատերազմը, նա է իր թեթև ձեռքով Քոչարյանին բերել դարձրել իր համար առաջին հակառակորդ՝ չեզոքացնելով այլ հավանական ուժերի գոյությունը»,- գրել է նա՝ իր անվստահությունը ցույց տալով գրառմանը կից դրել է «վստահություն մսխողը» հեշթեգը։
Օրեր առաջ էլ անդրադարձել է Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը՝ այն որակելով ցինիզմ․ «Լավ դե ցինիզմն էլ չափ ու սահման կունենա: Այն լուրից հետո, որ 7 ամիս զոհված զինվորների մարմինները պահվել են, սահմանում զինվորներին դրամահավաքներով են վրաններ և քնապարկեր տանում անհատ մարդիկ, նա քարոզարշավ է անում ու դեռ խոսում նախկինների գումարների վերադարձից, ազնիվ դատավարություններից և որ ամբողջ աշխարհը սուտ ու ապիկար է, բացի իրենից… Լավ ցինիզմն էլ չափ ու սահման կունենա։ Թե բա ապագա կա»,- մեկ այլ գրառման մեջ նշել է Լալայանը։
Հիշեցնենք, որ ակտիվիստ, «Մերժիրսերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Անուշ Լալայանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո պաշտոն էր ստացել Սփյուռքի նախարարությունում՝ նշանակվելով այն ժամանակ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի օգնական, ապա՝ տեղափոխվել «Հայաստան-Սփյուռք» ՊՈԱԿ: Սակայն գրեթե մեկ տարի անց ազատվել էր աշխատանքից՝ հաստիքը կրճատելու պատճառով։
Հիշեցնենք, որ նա 2018-ի ապրիլի 6-ին իրականացրել էր ակցիա։ Նա Մաշտոցի պողոտայում տեղադրված արագաչափերից մեկից վարտիք էր կախել, որի հաջորդ օրն, առավոտյան ոստիկանության աշխատակիցներն այցելել էին նրանց բնակարան: