Հիշեցնեմ ձեզ, երբ դատարանի առջև հավաքվում էին իմ աջակիցները, ասում էին, որ պիցցայակերներ են, եկել են պիցցա ուտելու համար։ Հիմա չեմ կարծում, որ Հայաստանում և ընդհանրապես, Հարավային Կովկասում բավարար պիցցա կա՝ այսքան մարդու կերակրելու համար։ Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշեց, որ քարոզարշավի վերջին օրն է այսօր և արդեն եղել են ՀՀ բոլոր մարզերում, բոլոր քաղաքներում, բազմաթիվ գյուղերում։
«Հիմա շատ ավելի լավ գիտենք, թե ոնց եք դուք ապրում, ինչի կարիք ունեք, ինչ խնդիրներ են կանգնա մեր երկրի առջև։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հանդիպել են մեզ հետ, օգնել են հասկանալ՝ ինչ է կատարվում և ոգևորել են մեզ այս պայքարի ընթացքում։
Շնորհակալություն ձեզ։ Բայց մեկ կարևոր արձանագրում՝ մենք սկսել ենք քարոզարշավը, բայց ավարտում ենք հաղթարշավով։ Նաև մեկ բան ենք հասկացել, որ սա պայքար չի իշխանության համար։ Սա պայքար է պետականությունը մեր ժողովրդին վերադարձնելու համար»,- ասաց նա։
Քոչարյանը նշեց երկրի առջեւ ծառացած է 4 հիմնական խնդիր.
«1. երկրի պաշտպանությունն ու սահմանների վերադարձը, 2. Ղարաբաղի ապագան, 3. տնտեսական վիճակը, գործազրկությունը, աղքատությունն ու միգրացիան, 4. Ներքաղաքական գերլարված մթնոլորտը, ատելությունը: Եւ այս իշխանությունն իր վիճակի չէ լուծել այդ խնդիրները, քանի որ նրանք ինքներն են ստեղծել այդ խնդիրներն ու սնվում են դրանցով առ այսօր: Սա ընտրություն է տնտեսական աճի եւ խորացված տնտեսական ճգնաժամի միջեւ, ընտրություն է հանդուրժողականության եւ ատելության միջեւ: Մենք մերժում ենք բոլոր երեւույթները, որոնք հանգեցրել են այս տխուր իրավիճակին:
Մենք այն թիմն ենք, որն ի տարբերություն ներկայիս քաղաքական ղեկավարության՝ ունի փորձ, գիտելիքներ, վճռականություն եւ կամք: Այսօր քաղաքական վերնախավը պիտանի է միայն վատ օրինակ լինելու համար: Վստահեք մեզ, տվեք մեզ հնարավորություն պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար, առաջ մղել այն բոլոր ուղղություններով, վերականգնել բանակի հզորությունն ու վերածնել տնտեսությունը, լինել կառավարություն, ղեկավարություն, վարչապետ, անվանեք ինչպես ցանկանում եք, բոլոր, ոչ միայն «յուրայինների» համար: Դա մեր նպատակն է:
Այսպիսով՝ հունիսի 20-ին համար 24-ը: Բոլորս միասին պայքարում ենք մեր ձայնի համար: Սակայն ոչ միայն քվեարկության ժամանակ, այլ նաեւ դրանից հետո՝ ապահովելու հերթապահություն ամբողջ գիշեր, որպեսզի չգողանան մեր ձայները, քանի որ այդ սրիկաներն ընդունակ են ամեն ինչի:
Բոլորս միասին դեպի ուժեղ Հայաստան: Ամեն ինչ լավ կլինի»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը: