Արդեն 40 օր է, ինչ որդուցս որևէ տեղեկություն չունեմ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանի մայրը՝ Լիլիթ Մկրտչյանը:
Նորայրի մայրը սկզբում բացառում էր որդու՝ գերի լինելը, սակայն այժմ սկսել է այլ կերպ մտածել. «Արդեն մտածում եմ, որ տղաս գերի է, եթե ոչ մեկ չի տեսել էրեխուս, թե որ կողմ է գնացել, ուր է, ինչ է, ուրեմն մնում է միայն դա մտածել»,- ցավով նշեց անհետ կորած զինծառայողի մայրը:
Վերջինս ասաց, որ օրեր առաջ դիմել է «Կարմիր Խաչ». «6 օր առաջ դիմել եմ «Կարմիր Խաչ», դեռ պատասխան չեմ ստացել, ինձ ասացին, որ հարցումը դեռ չեն ուղարկել»,- նշեց անհետ կորած զինծառայողի մայրը:
Հիշեցնենք, որ մայիսի 22–ին, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին է ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը եւ ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում: