Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատն անգամ արցախյան առաջին պատերազմի ժամանակ չէր կանգնել, երբ կողքերը ռումբ էր ընկնում, իսկ հիմա իշխանությունը կարողանում են անել ամեն ինչ, որ կոմբինատի աշխատանքը կանգնի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն՝ անդրադառնալով ԱԱԾ «Ալֆա» ջոկատի ներխուժմանը՝ կոմբինատ։

«Կոմբինատի կանգնելուն մնացել է մեկ–երկու օր։ Ես չեմ կարող հիմա հստակ ասել, թե այս գործընթացներն ինչ բացասական հետեւանք ենք ունեցել կոմբինատի եւ պետության վրա, բայց 20 մլն–ից ավել եկամտից կոմբինատն արդեն զրկվել է։ Առանց որեւէ պատճառաբանության, կոմբինատին արգելում են արտահանել հանքանյութը, երը բերում է տուգանքների, ինչը նշանակում է, որ Հայաստան տարադրամ չի մտնի, իսկ դա էլ կազդի դոլարի կուրսի վրա»,– ասաց Հակոբյանը։

Վահե Հակոբյանն անդրադարձավ նաեւ այսօր ԱԺ–ում ընդունված մի օրինագծի, որն, ըստ որոշ իշխանականների, հանքերն ազգայնացնելու վերաբերյալ է։ Ըստ Հակոբյանի՝ դա անհեթեթություն է։

«Դա անհեռատես, անխելք օրինագիծ է, հակասում է ներդրումային ընկերությունների իրավունքներին։ Անգամ, եթե պատկերացնենք, որ այդ օրինագիծը որպես օրենք կյանքի է կոչվելու, եւ փակվելու են հանքարդյունաբերույան բոլոր հիմնարկները, դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը քանդվելու է։ Բայց ես համոզմունք ունեմ, որ բանը դրան չի հասնի, որովհետեւ օտարերկրյա ներդրողները պաշտպանված են օրենքով, եւ առնվազն 5 տարի իրավունք չկա որեւէ հարկային օրենքի փոփոխություն»,– հավելեց նա։