Ռուսաստանը միշտ հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին: Ավելին, Մոսկվան արձանագրել և նկատի է առել վերջերս Երևանի և Անկարայի միջև դրական ազդակների փոխանակումը: Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նախկինում մենք ուղղակիորեն ներգրավված էինք համապատասխան միջնորդական ջանքերում, նպաստել ենք 2009 թվականին Ցյուրիխում այսպես կոչված' «Ցյուրիխյան արձանագրությունների» ստորագրմանը»,-հիշել է Զախարովան:

Նրա խոսքով, արձանագրությունները նախատեսում էին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների առանց նախապայմանների աստիճանական բարելավում: Այդ ժամանակ Ռուսաստանը, ինչպես նշել է Զախարովան, գործուն և արդյունավետ դեր խաղաց:

Միեւնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ կողմերը չեն իրականացրել այն նախաձեռնությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի միջնորդությամբ: Այնուամենայնիվ, սա յուրաքանչյուր պետության կամքն է, հավելել է նա:

«Մենք այժմ պատրաստ ենք նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը՝ փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա», - նշել է Զախարովան:

Նրա խոսքով, Մոսկվան ելնում է նրանից, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց, Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավումը կաշխատի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման համար:

Ինչ վերաբերում է «վեցյակի պլատֆորմին», Զախարովան նշել է, որ այս ձևաչափը կարող է համապատասխանել իր բոլոր պոտենցիալ մասնակիցների շահերին, կարող է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության, վստահության ամրապնդմանը և տնտեսական համագործակցության խթանմանը: