Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին Արծրուն Հովհաննիսյանը հպարտորեն հայտարարում էր, որ Լոս Անջելեսից Հայաստան է հասել շուրջ 20 միլիոն դոլարի օգնություն, որը տրամաբանորեն պետք է այնուհետև ուղարկվեր Արցախ: Անցել է շուրջ մեկ տարի, սակայն, մինչ օրս այդ օգնության ճակատագիրը անհայտ է, ոդիսականն էլ պարզված չէ: Ի վերջո, ո՞ւր է անհետացել այն, եթե չի հասել Արցախ:
Պատերազմից հետո այն ժամանակվա Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հասցեին մեղադրանքներ տարածվեցին, թե պատերազմի օրերին Գերմանիայից ուղարկված հումանիտար օգնությունը յուրացնելու փորձեր է արել։ Ղուկասյանը հերքում էր, թե իր հրաժարականը կապված է այս աղմուկի հետ և մանրամասնում՝ «ոչ թե փորձել է յուրացնել Լոռու մարզպետարան հասած հումանիտար բեռը, այլ կանխել է մաքսանենգության դեպք»։ Ղուկասյանի պնդմամբ' բեռի 70-80 տոկոսը ներկրողը չի հայտարարագրել մաքսատանը, և Վանաձոր հասնելուց հետո պարզվել է, որ այն հումանիտար համարվել չի կարող։ Ըստ նրա' եղել են ավտոլվացման թանկարժեք սարքեր, շինարարական գործիքներ, փոշեկուլ, արծաթյա փորագրված սափորներ, հեռուստացույց, ժամացույցներ և այլն: Դրանից հետո Ղուկասյանը հրաժարական տվեց, իհարկե, որևէ քրեական գործ չհարուցվեց, և նա շարունակում է զբաղվել քաղաքականությամբ, արդեն՝ ՔՊ ներսում:
Մեկ տարի անց այդպես էլ հանրությանը չպարզաբանվեցին ոչ այս, ոչ մնացած բոլոր դեպքերը, երբ արտերկրի մեր հայրենակիցների ուղարկած օգնությունը հօդս ցնդեց' այդպես էլ չհասնելով նպատակակետին: