Վանո Սիրադեղյանի ընտանիքը` որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը գուժում են գրողի, հրապարակախոսի, պետական, ազգային, քաղաքական գործչի մահը, որ տեղի է ունեցել նախօրեին: Այս մասին հաղորդում է 4rd.am-ը:
Սիրադեղյանը ծնվել է 1946թ. նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանի շրջանի Կոթի (Շավարշավան) գյուղում։
1974թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Բանասեր, լրագրող։ Արձակագիր։ «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր (1982թ.)։
1966-1969թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։
1988թ. դեկտեմբերից 1989թ. մայիսը բանտարկված է եղել կոմիտեի մյուս անդամների հետ։ 1990-1991թթ. աշխատել է ՀՀ անտառտնտեսության վարչության պետ, 1991-1992թթ.՝ ՀՀ նախագահի ներքին քաղաքականության եւ սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997թթ. եղել է ՆԳ նախարար, 1997-1998թթ.՝ Երեւանի քաղաքապետ։
1990-1992թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 13 ընտրատարածք)։ ՀՀՇ խմբակցության անդամ։
1997-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 73 ընտրատարածք) «Հանրապետություն» խմբակցության անդամ։
1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 75 ընտրատարածքից։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում ընդգրկված չէ։ ՀՀՇ վարչության անդամ։
Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ ներգրավվել է դեռեւս 1999 թվականի փետրվարի 19-ին, եւ նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 1999 թվականի մայիսի 3-ին նա ձերբակալվել է, իսկ 2000 թվականին Վանո Սիրադեղյանը հեռացել է Հայաստանից, և մինչ ի մահ գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Նրա տեղը պաշտոնապես ոչ ոք չգիտեր, նրանից որևէ լուր, տեղեկություն չէր հաղորդվում, թեպետ այս տարիներին շատ է գրվել նրա հավանական վերադարձի մասին, որոնք ավելի շատ իր մտերիմների ցանկություններն էին, որոնք այդպես էլ իրականություն չդարձավ: