Վստահ էի որդուս հաղթանակի մեջ․ Գորիսում բավականին գործ ունենք արած, ինչո՞ւ պետք է Առուշը չհաղթեր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գորիսի նորընտիր քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագա Առուշանյանը։
Ըստ վերջինիս՝ ժողովուրդը չէր կարող մոռացած լիներ այն ամենը, ինչն Առուշ Առուշանյանն արել է քաղաքի և բնակիչների համար․ «Մեր ժողովուրդը շատ լավ գիտի՝ ում ընտրի՝ ով իրեն կպահի, և թե ով կտանի ու կլափի»,- ասաց Գագա Առուշանյանը՝ հավելելով, որ թեև վստահ էին իրենց հաղթանակի մեջ, բայց երկու կուսակցություններին էլ՝ ՔՊ-ին և ՀԱԿ-ին, մրցակից էինք համարում։
Անդրադառնալով ընտրախախտումներին՝ Գագա Առուշանյանն ասաց, որ տեղյակ չէ՝ ով ինչ է արել, բայց իրենք արդար են եղել․ «Ես չգիտեմ՝ ով որքան գումար է բաժանել, ով ինչ է արել, բայց մենք ժողովրդին ընդամենը ասել ենք, որ շարունակելու ենք նույն կերպ, ինչպես աշխատել ենք նախկինում, այդ նույն ծրագրերն էլ գործի ենք դնելու․ ժողովուրդն էլ գնացել և ընտրել է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Մեր այն հարցին, թե ինչպես է Առուշ Առուշանյանը զբաղվելու քաղաքի խնդիրներով, եթե դեռ գտնվում է անազատության մեջ, Գագա Առուշանյանը պատասխանեց, որ ունեն շատ վստահելի թիմ․ «Հիմա էլ թիմը կաշխատի Առուշի փոխարեն, մինչև որ ինքը դուրս կգա, բա թիմ ասվածը ինչի՞ համար է։ Այն գրագետ աշխատելավոճ է ունեցել այսքան տարի»,-նշեց նա՝ հավելելով, որ Առուշ Առուշանյանը շատ հետևողական է, փաստաբանի միջոցով տեղեկացվում է, թե ինչ է կատարվում, ինչպես նաև հրահանգներ է տալիս իր թիմին, թե ինչպես աշխատեն, թե որ խնդիրն է առավել առաջնայինը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ և Մեղրի համայնքներում կայացավ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։
Զվարթ Պետրոսյան