«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հույս ունի՝ ազգային գվարդիան միայն երկրի ներսում չի օգտագործվելու։
«Հույս ունեմ՝ վերջիվերջո, չեք գա այն եզրակացության, որ ազգային գվարդիան միայն երկրի ներսում է օգտագործվելու, մանավանդ, հաշվի առնելով, որ պատերազմից հետո թշնամու հետ շփման գիծն ինչքանով է երկարել», - դիմելով ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին՝ ասաց Խաչատրյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ ասաց, թե իր համար նախընտրելի է, որպեսզի Զինված ուժերը, բանակային կորպուսները կամ ԱԱԾ սահմանապահ զորքերը կարողանան ամբողջությամբ ապահովել սահմանի անվտանգությունն ու անհրաժեշտություն չլինի ոստիկանության զորքերի ներգրավմանը։
«Ի՞նչ նոր խնդիր է դրվում», - հետաքրքրվեց պատգամավորը։
Արա Ֆիդանյանն ասաց, թե ողջ ոստիկանությունը, ինչպես ցույց տվեց պատերազմը, միշտ պատրաստ է, միշտ մասնակցել է ու մասնակցելու է սահմանների պաշտպանությանը։
«Այսօր ոստիկանության պետին են ենթարկվում ոստիկանության զորqերը։ Գվարդիայի հետ կապված՝ մոտեցումները տարբեր են լինելու։ Ունենալու ենք լավագույն տարբերակը», - ասաց նա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարեց, թե վերջերս եղել են սահմանի արևելյան հատվածում։
«Սահմանների երկարությունը փոխվել է, բովանդակությունն է փոխվել, ու Զինված ուժերը միայնակ չի կարող ամբողջ ծավալով ծառայություն տանի, ինժեներական կառույցներում աշխատանք տանի։ Ես կարծում եմ' մեր հասարակության ինչ-որ շերտեր՝ ուսանողներ և այլն, ասում ենք՝ մենք բանակի կողքին ենք, լավ կլինի, որ դա լինի առարկայական, վերցնենք գործինքեր ու գնանք, մասնակցենք որոշակի ինժեներական աշխատանքների, որ մեր զինծառայողները կարողնանան իրենց առջև դրված մարտական խնդրի վրա կենտրոնանան», - ասաց ՔՊ-ական պատգամավորը։