Հոկտեմբերի 17-ին Մեղրի համայնքում տեղի ունեցած ընտրություններից մինչ օրս ավագանու նիստ չի հրավիրվում, ինչի հետևանքով համայնքի ղեկավար չի ընտրվում: Թե որն է պատճառը ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց պարզել ընտրություններում հաղթած «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Բագրատ Զաքարյանից։ «Այդ հարցին ես կպատասխանեմ ավագանու նիստից և ընտրություններից հետո, հիմա խնդրում եմ հարցն ուղղել համայնքի ժամանակավոր պաշտոնակատարին։ Ես շատ բան եմ տեսնում, բայց բոլոր հարցերին կպատասխանեմ ավելի ուշ և կնշեմ բոլոր այն գործողությունները, որոնք կատարվում են իրենց կողմից»,- ասաց նա։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Մեղրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ական թեկնածու Արարատ Թումանյանն պնդեց, թե ժամկետներն իրենց կողմից չեն խախտվել․ «Ամսի 28-ին են մանդատները ստացել և դրանից 20-օրյա ժամկետում համայնքի ղեկավարը իրավունք ունի նշանակել ավագանու նիստ, այդ մասին 3 օր շուտ տեղեկացնել հանձնաժողովի անդամներին։ Իսկ ո՞վ է մտահոգ այդ հարցով, մենք մտահոգ չենք»։
Դիտարկմանը՝ հակառակ ուժի ներկայացուցչին ևս հետաքրքիր է, թե ինչու տեղի չի ունենում ավագանու նիստ, Թումանյանը նշեց․ «Դե իրենք ո՞նց կարող էին տեղյակ լինել, եթե ամիսուկես առաջ մեկը գնացել, մտել է Արամ Սարգսյանի թևի տակ, մյուսը՝ էն մյուսի, օդից ընկել միամիտ հայտնվել են մի տեղ, որի մասին չէին կարող երազել»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է կոալիցիա ձևավորելուն, ապա Թումանյանը նշեց՝ 4 քաղաքական ուժերից ոչ մեկը մեծամասնություն չունի, քանի որ չեն հաղթահարել անցողիկ շեմը՝ 50+1, հետևաբար կոալիցիայի ձևավորումն անխուսափելի է․ «Մենք բոլորի հետ բանակցել ենք, սակայն հստակ որոշում չկա»,- ասաց իշխանության համայնքի ղեկավարի թեկնածուն։
Ըստ խոսակցությունների՝ Մեղրիում էլ է իշխանությունն ուզում անել ինչ Գյումրիում և, այսպես ասած, ընտրված ուժից խլել հաղթանակը, Թումանյանը նշեց, թեև Գյումրիի դեպքին ծանոթ չէ, նաև համեմատական անցկացնելու հետ համաձայն չէ․ «Այստեղ գործում են հարևան-քավոր-սանիկ հարաբերություններ, քանի որ փոքր շրջան է, հետևաբար համեմատական անցկացնելն այնքան էլ տեղին չէ»։
Թումանյանը բացահայտեց ՔՊ-ի և Հանրապետության կուսակցության միջև տեղի ունեցած մի կուլիսային խոսակցությունը, ինչից էլ կարելի է ենթադրել, թե ինչից են առաջացել Մեղրի համայնքի խժդժությունները։ Պարզվում է Արամ Սարգսյանի կողմից առաջարկ է ներկայացվել ՔՊ-ին, ինչին չի համաձայնել Հանրապետություն կուսակցության համայնքապետի թեկնածու Բագրատ Զաքարյանը։ «Գրեթե 12 օր առաջ Արամ Սարգսյանը մեր քաղաքական էլիտային առաջարկել է, ցիտում եմ՝ «ի՞նչ կլինի, խնդրում եմ՝ եկեք էս անգամ էլ մեր ուզածով լինի, մենք ձեզնից մի մանդատով ավել ենք, թող ձերոնք մեր թեկնածուին քվեարկեն»։ Ինձ ՔՊ-ից զանգում, ասում են, ես էլ ասում եմ՝ խնդիր չկա։ Արամ Սարգսյանն ուրախանում է իմ պատասխանից, զանգում է իր թեկանծու Բագրատ Զաքարյանին տեղեկացնում, թե ՔՊ-ն իրենցից կոմունալ ծառայությունների պետի և տեղակալի հաստիքն են ուզում։ Այսքանից հետո Բագրատ Զաքարյանենք մերժել են՝ ասելով՝ «ինչո՞ւ պետք է իրենք խառնվեն մեր ներքին խոհանոցին»։ Այսինքն՝ չի համաձայնում, որ երկու հաստիք մեր թիմին տա և իր հետ միասին ղեկավարեն համայնքը։ Եթե ինչ-որ մեկը համարում է, որ համայնքն իր ներքին կուխնյան է՝ չարաչար սխալվում է, համայնքը ոչ իրենց հայրն է օժիտ տվել, ոչ էլ մայրը»,- ասաց Արարատ Թումանյանը՝ ընդգծելով, որ համայնքը պետք է պատկանի պետությանը և ծառայի ժողովրդին։
Սոնա Հարությունյան