Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում վերանորոգվում են պատերազմի հետևանքով վնասված բնակելի տները: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թաղավարդի համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը:
«Համայնքում չկան այնպիսի շինություններ, որոնք ինչ-որ չափով չեն վնասվել պատերազմական գործողությունների արդյունքում: 5 բնակարան լրիվությամբ վառվել է: Ներկա դրությամբ 7 բնակելի տան ներքին հարդարում է իրականացվում և տանիքներն են փոխվում: 75 բնակելի տան պատուհանները, դռները և տանիքները փոխվել են, իսկ 75 բնակարանների շինարարական աշխատանքերը դեռ պետք է սկսվեն: Պատերազմի հետևանքով վնասվել են նաև համայնքի դպրոցը, ակումբը, որտեղ ընթացիկ նորոգումներ են կատարվում», - մանրամասնեց Օ. Հարությունյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ այստեղ հաստատվել է տեղահանված 18 ընտանիք՝ 50 բնակչով:
«Բոլորն էլ ապահովված են տանիքով, տնամերձ հողամասերն են մշակում, անասնապահությամբ են զբաղվում, սակայն ունեն կարիքներ: Համայնքի ամենակարևոր հիմնախնդիրը անվտանգության հարցն է, քանի որ գյուղի մի մասը օկուպացվել է թշնամու կողմից։ Գյուղը գազաֆիկացված է, ապահովված ենք էլեկտրաէներգիայով և շուրջօրյա ջրամատակարարմամբ: Գյուղացիներն էլ զբաղված են առօրյա հոգսերով և, անշուշտ, տրամադրված են շարունակել արարել և շենացնել համայնքը», - նշեց Օ. Հարությունյանը և հավելեց, որ պատերազմի հետևանքով գյուղը տվել է 14 զոհ, 33 վիրավոր, մեկ հոգու ճակատագիրն էլ մինչ օրս մնում է անհայտ: