«Երբ զոռով ու ստիպելով ես մի բանը փորձում անել, դրական ոչ մի էֆեկտ չես ստանալու: Որոշ ժամանակ անց ռեվակցինացիայի հարց է առաջանալու, էդ ժամանակ էլ պետք է զոռե՞ք մարդկանց: Չի՛ կարելի»Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՍԴ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«ՍԴ-ում քննությունը ցույց տվեց, որ կորոնավիրուսի դեմ թեստավորման պահանջը զուտ նրա համար է, որ մարդկանց գրպանին խփեն, որ ստիպված գնան պատվաստվելու, ինչը պատվաստման քարոզի տեսանկյունից շատ վատ է։ ՍԴ-ն քննում է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումների և թեստավորումների մասին ՀՀ առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության հարցի վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության դիմումը։ Իրականությունն այն է, որ պատվաստվելուց ավելի լավ լուծում չկա։ Համաշխարհային փորձն էլ է այդպիսին, բայց երբ փորձում ես մի բան մարդկանց ստիպելով անել, դրանով ոչ մի դրական արդյունք չես ստանալու։ Մի որոշ ժամանակ անց վերապատվաստման հարց է առաջանալու, այդ ժամանակ է՞լ պետք է զոռեն մարդկանց»,-նշեց Վարդևանյանը։

 
 

Արամ Վարդևանյանը նշեց, որ կառավարությունը և ԱՆ-ն ունեն բոլոր հնարավորությունները հենց այս պահին նախատեսել կարգավորում, որ թեստավորման ծախսերը կկատարի պետությունը։ Պատգամավորը նշեց, որ պետք չէ պատճառաբանել, թե դրա միջոցները չկան:

«Մարդկանց պետք չէ միամիտի տեղ դնել։ Գիտեք՝ ինչ հարյուր հազարավոր դոլարների ծախս են նախատեսում մեքենաների վրա, գիտեք, թե ինչ հարյուր հազարավոր դոլարներ պարգևավճարների վրա են ծախսվում։ Այդ միջոցները կան»,-հավելեց պատգամավորը: