«Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ԱԺ նիստերի օրակարգում ներառել հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հարցրեց, թե արդյոք կարողացե՞լ են ապահովել, որպեսզի այդ քննարկմանը ներկա լինեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը և Ազգային անվտանգության ծառայության տնօրենը։
Ռուբեն Ռուբինյանը հարցին ի պատասխան նշեց, որ ԱԺ նիստին կառավարության անդամների ներկայությունն ապահովելն իր պարտականությունների տիրույթում չէ.
«Դուք մի փոքր թյուր պատկերացում ունեք խորհրդարանականների, ԱԺ նախագահության և կառավարության փոխհարաբերությունների մասին: ԱԺ նախագահության պարտականությունն է ապահովել խորհրդարանի անխափան աշխատանքը և այդ պարտականությունը կատարվում է, իսկ թե կառավարությունից ո՞վ կգա, ո՞վ չի գա քննարկմանը, դա ձեր և կառավարության հարաբերությունների տիրույթում է»,- ասաց Ռուբինյանը։
ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ վարչապետ Փաշինյանը ընդդիմադիրներին առաջարկել է հանդիպել և քննարկել այդ հարցերը, սակայն նրա առաջարկը մերժվել է: