«Վարչապետի հետ քննարկեցինք ստեղծված քաղաքական ճգնաժամը՝ կապված Երևանի քաղաքապետարանի և Երևանի քաղաքապետի հետ»,- ՔՊ գլխավոր գրասենյակում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու օրակարգով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումից հետո ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
«Կա քաղաքական ճգնաժամ, կան քաղաքական ուղենիշի տարբերություններ»,- Մարությանի վերաբերյալ ասաց Գալջյանը՝ հիշեցնելով, որ արդեն մեկ տարի է, ինչ նա դադարեցրել է անդամակցել ՔՊԿ-ին։
«Դրանից հետո սկսվել է քաղաքական ճգնաժամ։ Մենք մոտավորապես մեկ տարի փորձել ենք համագործակցության եզրեր փնտրել, բայց, ցավոք սրտի, դա մեզ չի հաջողվել»,- հավելեց Գալջյանը։
Նա քաղաքականապես անտրամաբանական համարեց ՔՊԿ-ից Մարությանի դուրս գալու փաստը։ Հարցին՝ քաղաքացու վրա ինչպե՞ս է ազդել իշխող կուսակցությունից քաղաքապետի հեռանալու փաստը, պատասխանեց․
«Դա միգուցե հաճախ չի արտահայտվել, քաղաքացիները չեն նկատել, բայց կառավարության հետ փոխհարաբերություններում, տարբեր աշխատանքային հարցերում, Երևանի ավագանու հետ հարաբերություններում դա բազմաթիվ անգամ արտահայտվել է, պարզապես մենք դա չենք հրապարակայնացրել, որովհետև քաղաքական կոռեկտությունը թույլ չի տվել»։
Քննարկումից ու դրա արդյունքից այլ մանրամասներ Գալջյանը չհայտնեց, նշեց միայն, որ իրենք շուտով հայտարարություն կտարածեն, որտեղ էլ նշված կլինի քաղաքապետի ՔՊԿ-ի թեկնածուի անունը։