Ինչպես հայտնի է, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին:

Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման և Հայաստանի կողմից նշանակված բանագնացի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:

 
 

Նա նշեց, որ Թուրքիայի ներկայացուցիչը շատ փորձված դիվանագետ է, ավելին՝ հիշեցրեց, որ նա այն անձնավորությունն է, ով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ժամանակ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանն էր: Նա Ամերիկայում կազմակերպել էր հակահայ մի քանի տասնյակ հազարանոց ամենամեծ ցույցը: Թուրքիայի ներկայացուցիչը այն մարդն է, որը Հայոց ցեղասպանության մոլի ժխտողներից է դրան գումարած՝ հրաշալի դիվանագետ. «Արդյոք համահավասար «ֆիգուր» է ընտրված Ռուբեն Ռուբինյանը, այսպես ասած, դիվանագիտական գայլի: Մենք սխալ կետից են այս թեման քննարկում, հետևաբար չենք կարող իսկապես խնդիրը հասկանալ. որն է այն արժեքը կամ այն փոխզիջումը, որից հրաժարվելու է Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Ի վերջո, Թուրքիան պնդում է, որ իր որևէ նախապայմանից չի հրաժարվում, այն մշտապես նշում է Արցախի խնդիրը Ադրբեջանի օրակարգով լուծելու հարցը (ինչին իրենք հասան) և որպես այլ նախապայման ընդգծում է Հայոց Ցեղասպանությունից հրաժարվելը»,- նշեց նախկին պատգամավորը:

Վերջինս ասաց՝ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին՝ մինչ այս պահը Թուրքիան չի հայտարարել, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելիս հրաժարվում է իր նախապայմաններից, ավելին՝ պնդում է, որ իրենց բոլոր նախապայմանները մնում են օրակարգի մեջ:

«Փոխարենը մենք խոսենք այս խնդիրներից, թե արդյոք պատրաստ ենք հրաժարվել Ցեղասպանության ճանաչման օրակարգից, խոսում ենք Ռուբեն Ռուբինյանի 90-60-90 պարամետրերից, որոնք համապատասխանում կամ չեն համապատասխանում Հայաստանի կողմից այդ բանագնացը լինելուն: Հարցը մեկն է՝ Հայաստանը արդյոք հրաժարվել է իր օրակարգից, թե ոչ, որովհետև երեկ էլ, կարծեմ, ԱԽՔ նախագահը ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել և որևէ բառ չի խոսել ագրեսոր Ադրբեջանից, նրան աջակցած Թուրքիայից և մեր արտաքին օրակարագի ամենազգայուն խնդիրներից, իսկ թե Ռուբեն Ռուբինյանը կլիներ, թե Վարդուշ Վարդուշյանը դա չէ էականը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանն՝ ընդգծելով, որ որևէ մեկը չի խոսում, թե Հայաստանն արդյոք հրաժարվել է իր օրակարգից, թե ոչ, բոլորը խոսում են միայն Ռուբեն Ռուբինյանի արտաքին տեսքից կամ նրա դիվանագիտական կարողությունից, ինչը խեղում է տվյալ հարցի իրական դիսկուրսը:

«Եթե մենք հրաժարվել ենք մեր օրակարգից, ով ուզում է լինի Ռուբինյանի փոխարեն ընդամենը այն խողովակն է լինելու, որը փոխանցելու է Հայաստանի իշխանության խոսքը, արտաքին քաղաքական օրակարգը, իհարկե, լավ կլիներ, որ ճկուն բանակցող լիներ, բայց եթե Ռուբեն Ռուբինյանը, գնար, անգամ, իր հագի բոլոր մայկաները պատռեր Հայոց ցեղասպանության ճանաչման համար, եթե Հայաստանի իշխանության օրակարգում կա նահանջ Ցեղասպանության միջազգային ճանաչումից, Ռուբեն Ռուբինյանը ոչինչ անել չէր կարող, հարցը անձը չէ, այլ օրակարգը»,-շեշտեց մեր զրուցակիցը:

 

Նա այն կարծիքին է, որ Թուրքիայի հետ բանակցություններ կարելի էր սկսել միայն այն ժամանակ, երբ Թուրքիան քաջություն կունենար իր կատարած սխալներն ընդունելու. «Ի վերջո, ինչ-որ մի պահի դու քո հարևանների հետ պետք է սկսես խոսել, ես «ոչմիթիզականության» ագրեսիվ տեսակը չեմ ընդունում, բայց արդյոք հիմա այդ պահն էր, արդյոք Թուրքիան պատրաստ է առերեսվել իր թույլ տված սխալներին: Մենք հասկանում ենք, որ Թուրքիան դեռ տևական ժամանակ չի ունենալու այն քաղաքական էլիտան, որը կունենա այնքան խիզախություն ու քաջություն իր թույլ տված սխալներն ընդունելու և շտկելու:  Մինչև բանակցություններ սկսելը, պետք է ճշտել խաղի կանոնը, եթե Թուրքիան շարունակում է իր նախապայմանները պահել և հայկական կողմը այդ նախապայմանով մտել է բանակցությունների մեջ, ապա հենց այս պահից կարող եմ ասել, որ այդ բանակացությունները, ի սկզբանե, տապալված են»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

 

Զվարթ Պետրոսյան