Վերջին շաբաթների ընթացքում բավական բարձր է լսվում այն ՔՊ-ական պատգամավորների ձայնը, ովքեր ակնհայտորեն իրենց կոմֆորտ չեն զգում խորհրդարանում: Այդ պատգամավորներից մեկն էլ Բաբկեն Թունյանն է, ով վերջերս սկսել է անխնա քննադատել իր թիմակից՝ Վահան Քերոբյանի աշխատանքը և բերած նախագծերը: Ընդ որում, եթե մյուս ՔՊ-ականների միջև լարվածությունը և հակամարտությունն ունի տարիների պատմություն, ապա ինչ վերաբերվում է Թունյանին՝ նա մինչև վերջին շրջանը հոժարակամ դակում և հաստատում էր Վահան Քերոբյանի բերած բոլոր նախագծերը՝ զերծ մնալով դրանց քննադատությունից: Հետաքրքիր է, թե ինչու է այդքան կտրուկ փոխվել Թունյանի կարծիքը Վահան Քերոբյանի կատարած աշխատանքի վերաբերյալ:
ԴԻցուք՝ եթե Քերոբյանը իր նախագծով առաջարկում է երկարաձգել թուրքական ապրանքների ներկրման սահմանափակումները և բերում է ինչ-ինչ հաշվարկներ, որ այդ դեպքում ներքին արտադրողի համար առավել հարմարավետ պայմաններ կստեղծվեն՝ Թունյանը հրապարակայնորեն քննադատում է այս որոշումը և կասկածի տակ դնում դրա տնտեսական արդյունքները:
Գովազդի մասին օրենքի փոփոխության որոշակի դրույթներ էլ, ըստ Թունյանի, պետք է ավելի հասկանալի դարձվեն, հակառակ դեպքում' նա չի հասկանում, թե ինչպես է աշխատելու այս օրենքը:
Հաջորդ դրվագը՝ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագծով առաջարկվում էր ցեմենտի տուրքը նախկինում գործող 14 000 դրամից հասցնել 25 000–ի, իսկ ցեմենտի հումքինը՝ կլինկերինը, որն առ այսօր անվճար էր, սահմանել 9 000 դրամ' 1 տոննայի դիմաց: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում, որի նախագահը հենց Թունյանն է, կառավարության առաջարկը չեն ընդունել' մտավախությամբ, որ դա կարող է վնասել տեղական արտադրողներին։
Իր վերջին գրառումներից մեկում Քերոբյանը նշել էր, որ Հայաստանը վերածվել է մեծ շինհրապարակի: Թունյանը իր հերթին հարցազրույցներից մեկում կասկածի տակ էր առել նախարարի այս պնդումը: ««Վերածվել է շինհրապարակի» ձեւակերպման մեջ ես չեմ ուզում խորանալ, բայց ակնհայտորեն անցած տարվա համեմատ մենք ունենք տնտեսական ցուցանիշների բարելավում»-ասել էր Թունյանը: Ինչ վերաբերում է ներդրումների հոսքին՝ Թունյանն ասաց, որ ներդրումների վիճակագրություն չի հրապարակվել ու չի կարող ասել, թե ինչպես են տվյալները փոխվել: Մինչդեռ Քերոբյանը հայտարարում էր, որ ներդրումները հորդում են:
Ըստ էության, Բաբկեն Թունյանը մի քանի անգամ հրապարակայնորեն կասկածի տակ է դրել իր թիմակցի հայտարարությունները, բերած նախագծերի արդյունավետությունը: Տպավորություն է ստեղծվում, որ պատգամավորն աչք ունի էկոնոմիկայի նախարարի աթոռի վրա և ամեն գնով փորձում է այդ «բարձունքից» հեռացնել Վահան Քերոբյանին: Հեղափոխությունից հետո մամուլը հաճախ էր գրում, որ Թունյանը նախարարական ամբիացիաներ ունի, սակայն, մինչ օրս դրանք բավարարել չի ստացվում...: