Ինձ համար ցավալի է, որ մեր պատգամավորներն այդքան ցածր աշխատավարձ են ստանում. խոսքը միայն պատգամավորների մասին չէ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ-ում նորից պարգեւավճարներ են բաժանվել:

«Մենք այլ կերպ չենք կարող լավագույն կադրերին պահել Հայաստանում, մարդիկ կհեռանան: Եթե դու բարձրացնում ես աշխատավարձը, այդ աշխատանքի համար հայտ ներկայացնողների կրթական մակարդակը ավելի բարձր է լինում: Դրա համար մենք պետք է շատ բարձրացնենք, որ լավագույն կադրերը գան պետական համակարգ: Ես շատ կուզեի, որ պատգամավորների օգնականների ինստիտուտն էլ բարձր աշխատավարձով լիներ, որովհետեւ եթե մարդը խելացի է, չի գա Ազգային ժողով այդ աշխատավարձով, կգնա մասնավորում կաշխատի: Փոխնախարարների ու վարչության պետերի աշխատավարձն էլ պետք է բարձրացնել, շատ ցածր է: Հակառակ դեպքում՝ կգնան մասնավոր սեկտոր»,-ասաց նա: