Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ՝ դեկտեմբերի 31-ին, բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորել Երեւանի բնակիչ 50-ամյա Գեւորգ Մ․-ին, որը կասկածվում է Գյումրիում դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած սպանության մեջ։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը։
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ Գյումրիի Բագրատունյաց օղակ թիվ 2/9 հասցեի հագուստի խանութ-սրահում հայտնաբերվել էր 63-ամյա Անահիտ Իսկանդարյանի դին: Դիակի արտաքին զննությամբ պարանոցի առաջնային հատվածում հայտնաբերվել էր կտրած վերքեր:
Շիրակի մարզային վարչության, Կումայրիի եւ Մուշի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ 63-ամյա կնոջը սպանել է Երեւանի 50-ամյա մի բնակիչ։ Նա բերման էր ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք։
Ըստ մամուլի հրապարակումների՝ մահացած Անահիտ Իսկանդարյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր սպանված փեսացուի մայրն է։