Այսօր՝ հունվարի 13-ին, կառավարության շենքի դիմաց քաղաքացիների բողոքի ակցիա են իրականացնում: Նրանց ձեռքին կան պաստառներ, որոնցում գրված է. «ՀԱՊԿ-ը նախագահում ես, որ ի՞նչ անես», «Դադարեցրե՛ք երեխաների սպանդը», «Լուծե՛ք մեր պաշտպանության հարցը, կամ հեռացե՛ք», «Դադարեցրե՛ք մսաղացը»:
Հավաքվածներից մեկն ասաց, որ բողոքի ակցիան ինքնաբուխ է կազմակերպվել. «Ըստ էության, ցանկացած պետություն երաշխավորն է երկրի և բնակչության անվտանգության: Մենք տեսնում ենք, որ սա չի լինում: Պահանջում ենք, որ ապահովվի հայաստանցիների անվտանգությունը և վերջ տալ այս զոհերին»,- նշեց նա:
Մեկ այլ ցուցարար էլ ասաց, որ իշխանության կողմից հնչած այն արտահայտությունը, թե կանգնեցրել են պատերազմը, իրականությանը չի համապատասխանում. «Մենք պատերազմը չենք կանգնեցրել, ընթանում է սողացող պատերազմ և ամեն օր դա լինելու է, այս ամենը մեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է»,- ասաց ցուցարարը:
Վերջինս նշեց, որ պետք է իշխանությունը տեսնի, որ իրենց նման գործողություններին ընդդիմացող և չլռող կա՝ ժամանակն է համակարգված գործելու: