Այսօր՝ հունվարի 13-ին, Լիբանանում ցուցարարները փակել են Բեյրութի բոլոր հիմնական ճանապարհները և տրանսպորտային զարկերակները, հայտնում է Ռիա Նովոստին։

Մկրոավտոբուսների և տաքսու վարորդները փակել են ճանապարհները վառելիքի և պարենային ապրանքների գների շարունակական բարձրացման և դոլարի նկատմամբ ազգային արժույթի նոր անկման պատճառով:

Լիբանանի մայրաքաղաքում արգելափակվել են կենտրոնական հրապարակը, Համրա փողոցը, Վերդան թաղամասը և Քուվեյթի դեսպանատան տարածքում գտնվող օդանավակայան տանող մայրուղին։

Ցուցարարներից մեկը ասել է, որ միությունը և երկրի քաղաքացիներն ամբողջությամբ պետք է կառավարությունից և խորհրդարանից պահանջեն լուծումներ գտնել։ «Մարդիկ չպետք է տառապեն ու սովամահ լինեն, քանի դեռ քաղաքական գործիչները պայքարում են իշխանության համար»,- ասել է նա։

Ըստ մասնակիցների՝ համատարած բողոքի ակցիան կշարունակվի մինչև այսօր երեկոյան ժամը հինգը։ Այնուհետև միության ղեկավարը կհայտարարի հետագա քայլերի մասին։

Բեյրութում ակցիան այս պահին ընթանում է խաղաղ պայմաններում։ Մարդկանց ու իրավապահների կուտակումներ չկան։ Բանակն ու ոստիկանությունը չեն միջամտում ցուցարարների գործողություններին։