Ադրբեջանցի զինվորները 350 գլուխ անասունները դեռ չեն վերադարձրել, բանակցությունները շարունակվում են: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարը՝ Դավիթ Ղուլունցը:
Հետաքրքրվեցինք՝ չվերադարձնելու դեպքում արդյոք մարզպետարանը կփոխհատուցի հովվին, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Սպասենք, եթե չվերադարձնեն, նոր կմտածենք էդ մասին, թե որքան պետք է սպասել, չենք կարող ասել, թուրքը պետք է ասի»,- նշեց նա:
Վերջինս ասաց, որ հովիվը, թեև անվնաս ադրբեջանական կողմից վերադարձվել է, սակայն նեղսրտած է, քանի որ այդ անասուններն էին իր ընտանիքի ապրուստի միջոցը. «Հովիվը նեղված է. սեփականությունը, եղած-չեղածը ադրբեջանցիների մոտ է, տունը, ընտանիքը դրանով էր պահում»,- ասաց Դավիթ Ղուլունցը:
Համայնքի ղեկավարը ընդգծեց, որ թերևս ներկա պահին իրենց միակ մտածմունքը անասունները վերադարձնելն է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սյունիքի մարզի Տեղ համայնքից ադրբեջանցի զինծառայողները առևանգել էին գյուղի հովվին և իր 300 ոչխարները: Ռուս խաղաղապահների ժամեր տևած բանակցություններից հետո հովվին նույն օրը վերադարձրին, սակայն անասունները՝ ոչ:
Կարող եք ընթերցել նաև՝ ««Կինը չի էլ իմացել, որ ադրբեջանցի զինվորները տարել են ամուսնուն». մանրամասներ առևանգնված հովվի առողջական վիճակից»: