Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Ռուբիկ Մխիթարյանի, այսօր՝ հունվարի 19-ին, մերժեց Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի փաստաբանների բողոքը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ։
NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասաց, որ տեղի ունեցածը իրավական գործընթաց չէր, այլ ապօրինություն։
Մամիկոն Ասլանյանի փաստաբանները Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կբողոքարկեն վերադաս ատյանում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Բայց դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։
Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։