Համացանցում ակտիվորեն քննարկվեց Ադրբեջանի կողմից արված հայտարարությունը, ըստ որի մտադիր են ջնջել հայկական գրառումները կրոնական վայրերի այն տարածքում, որոնք օկուպացվել են 2020թ. Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ։ Ավելին՝ Ադրբեջանում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է, ինչպես հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը՝ «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը վերացնելու գործով»։

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, որն ասաց Ադրբեջանը հայկական հիմքերը ոչնչացնելու գործընթացները վաղուց է սկսել, պարզապես, հիմա իրենց վայրագությունները բերել է օրինական դաշտ. «Ադրբեջանը վայրագություններ սկսեց ուղղված հայկական մշակույթին այն ժամանակ, երբ վարչապետը դեկտեմբերի 24-ին առաջին անգամ, ի լուր աշխարհին, հայտարարեց, որ Արցախը հայկական չի եղել և չի կարող լինել: Այս ամենին արդեն հետևեց Ադրբեջանի հանձնաժողովի ստեղծումը: Ադրբեջանը իր վարած քաղաքականությունը հիմա տանում է այլ ուղղությամբ. նրանք նշում են, որ օկուպացված տարածքներում հայկական որևէ հետք չկա և չեն էլ փաստում արդեն, որ այն ադրբեջանական է, այլ փորձում են ապացուցել դրանց ալբանական հետք ունենալը»,- նշեց պատգամավորը:

Վերջինս վերհիշեց, որ 1 տարի առաջ, երբ արդեն սկսվել էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ապամոնտաժումը ինքն առաջինն էր, որ բարձրաձայնեց այդ մասին, սակայն, ինչպես նշում է նա, որևէ մեկը իր ասածը լուրջ չընդունեց մինչև որ... . «Ինձ բոլորը հանգստացնում էին՝ բացատրելով, թե չկա այդպիսի բան, թուրքերը ասել են, որ վերականգնողական աշխատանք են անում: Մենք մի վայր ունենք, որ թեկուզ հեռվից, բայց բավականին պարզ, կարողանում ենք տեսնել Ղազանչեցոցը և ես տեսա՝ այն վերածում են մզկիթի. նորից այդ հարցը բարձրաձայնեցի և իշխանական թևից ինձ կրկին պատասխանեցին՝ չկա նման բան: Եվ երբ արդեն փաստերը կային, մզկիթի գմբեթը պարզ երևում էր, իշխանական թևը դադարեց հերքել Ղազանչեցոցի մզկիթ դառնալը»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ այն մշակութային կոթողները, որոնց վրայից հայկականության հետքը մաքրել ուղղակի հնարավոր չէ, ադրբեջանցիները քանդում են դրանք. «Կան այնպիսինները, որոնք շատ տիպիկ են և հնարավոր չէ վերացնել հայկականության հետքերը, իրենք, պարզապես, դրանք քանդում են՝ այդպիսիք 100-ից ավելին են, իսկ այն կոթողները, որոնք շատ ավելի մեծ են, օրինակ, Դադիվանքը, փորձում են այն ձևափոխել և աշխարհին ապացուցել, որ այն եղել է ալբանական»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ օրինակ՝ Դադիվանքը Արցախի, հայկականության դեմքն ու պատկերն է և չնայած այդ ամենին՝ ադրբեջանցիները այսօր հայտարարում և ապացուցում են, որ այն ալբանական է եղել:

Մետաքսե Հակոբյանը նշեց, որ Դադիվանքում արդեն ալբանական ծեսեր են անցկացվում, սակայն իր համար անտանելին այն է, որ հայկական իշխանությունները որևէ արձագանք չունեն դրան. «Մենք այստեղից գոռում ենք, գոչում, ահազանգում, մենք չճանաչված պետություն ենք և մեր ձայնը պետք է լսելի լինի հենց ՀՀ-ի կողմից, որը ոչինչ չի անում»,- նշեց նա:

Վերջինս այն կարծիքին է, որ Ադրբեջանը Արցախում կարող է հասնել իր ուզածին միայն մեկ բանի «շնորհիվ», որ իրեն սատարում է մեր ներկայիս իշխանությունը. «Տարիներ շարունակ Ադրբեջանը չի ունեցել պատմություն և ստեղծել է նորը, որոնք մենք փաստերով կարողացել ենք հերքել, բայց եթե առաջ կեղծվում էր այդ պատմությունը միայն թուրքերի և ադրբեջանցիների կողմից, ապա հիմա նրանք ունեն նաև հայ գործընկերներ. այլ բան է, երբ դու ինքդ ես կեղծում պատմությունդ, սակայն լրիվ այլ է, որ այդ պետությունը անմիջական մասնակցություն ունի քո կեղծարարության մեջ: Հիմա վտանգը սրա մեջ է, և վախ կա, որ միգուցե Ադրբեջանին հաջողվի վերացնել Արցախում այն ամենն, ինչը հայկական է, քանի որ այս իշխանությունները աջակցում են նրանց»,- եզարափակեց պատգամավորը:

Զվարթ Պետրոսյան