«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը դատի է տվել Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի պետ Մ. Հակոբյանին՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Վանաձոր համայնքի ավագանու նիստերի ժամանակ Մամիկոն Ասլանյանին տրամադրել ինտերնետ կապ և տեխնիկական միջոց համակարգիչ կամ հեռախոս նիստերին հեռավար ձևաչափով մասնակցելու հնարավորությունն ապահովելու համար: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Մամիկոն Ասլանյանի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանն ասաց, որ դիմել են իրավապահ համակարգի բոլոր օղակներին Ասլանյանի՝ որպես Վանաձորի ընտրված համայնքապետ ավագանու նիստերին մասնակցությունն ապահովելու համար։
«Հարցը միայն «Վարդաշենի» բանտապետին չի վերաբերում։ Մենք դիմել ենք բոլոր հնարավոր հասցեատերերին, որ ապահովեն Մամիկոն Ասլանյանի մասնակցությունն ավագանու նիստերին, քանի որ նա ընտրված համայնքապետ է, ունի մանդատ և իրավունք ունի մասնակցության։ Բայց, դրա փոխարեն, նախաքննական մարմինը սահմանափակել է նրա տեսակցություններն ու հեռախոսազանգերը»,- նշեց Վարոսյանը։
Ըստ նրա՝ այդ ամենն արվում է, որպեսզի թույլ չտրվի Մամիկոն Ասլանյանին մասնակցել ավագանու նիստին․ «Ստացվում է, որ այսօր Հայաստանում մեկ անձ որոշել է՝ ժողովրդի ընտրությունն իր համար ձեռնտու չէ, և ցանկանում է մեկուսացնել ժողովրդի կողմից ընտրված համայնքապետին»,- ասաց փաստաբանը։
Նշենք, որ դեկտեմբերի 16-ից կալանքի տակ գտնվող Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը դատի տալով պատկան մարմիններին պահանջում է, որպեսզի վարչական դատարանը ապահովի 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված և ձևավորված ավագանու առաջին նիստին իր մասնակցությունը և քվեարկելու իրավունքը։
ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Մամիկոն Ասլանյանի ղեկավարած «Ասլանյան դաշինքը» զբաղեցրել էր առաջին տեղը՝ երկրորդ տեղում թողնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի ցուցակը գլխավորում էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Ասլանյանը թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո բացառել էր կոալիցիան ՔՊ-ի հետ։ Հավելենք, որ Վանաձորի ավագանին դեռևս քաղաքապետ չի ընտրել, մինչդեռ Ասլանյանը հայտնել էր, որ իր գլխավորած դաշինքն ավագանու նիստին կառաջադրի իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանին միանգամից 3 հոդվածով է մեղադրանք առաջադրվել. ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Ասլանյանը պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցանք է կատարել։ Ինչպես նաև՝ առանց համապատասխան թույլտվության՝ Ասլանյանը հողամասի նպատակային նշանակության փոփոխություն է արել, ինչի հետևանքով համայնքին էական վնաս է հասցվել: