«Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, մարդիկ կրում են զրկանքներ ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ներկայացնելով փաստահավաք աշխատանքների մանրամասները:
«Այսօր այցեր ենք իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ, Ջաղացաձոր, Նորաբակ, Կութ, Սոթք գյուղեր:
Լուրջ խնդիր է շարունակում մնալ խմելու ջրի հարցը: Ադրբեջանական զինված ծառայողները, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, տեղակայվել են նաև ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում, իսկ առանձին դեպքերում դրանք հայտնվել են ադրբեջանական բացահայտ անօրինական տիրապետության ներքո:
Օրինակ` Նորաբակում արձանագրվել են տվյալներ, որ գյուղին ջրով ապահովող բնական 6 աղբյուրներից 5-ը հիմա գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։ Նրանց վերահսկողության ներքո է նաև գյուղի ջրամատակարարման համար ջրավազանը և շուրջ 2,5 կմ ջրագիծը:
Ինչպես տեղեկացրել են բնակիչները, Կառավարության սուբվենցիոն ծրագրերով մինչև պատերազմը նախատեսված է եղել Նորաբակում [Սոթքում և մի շարք այլ գյուղերում] լուծել ջրի խնդիրը` ջրավազանից ջրագծեր անցկացնելով, բայց աշխատանքներն ավարտին հնարավոր չի եղել հասցնել ադրբեջանական ներխուժումների, հանցավոր արարքների պատճառով։
Նորաբակում մարդիկ իրենց տներում ջուր չունեն, ջուրն ընդամենը գյուղում չորս տեղ է, այն էլ ոչ լիարժեք է գալիս. այդտեղից գյուղի բնակիչները ստիպված են գրեթե ամեն օր դույլերով` ոտքով, մեքենայով կամ այլ հարմարանքներով խմելու և կենցաղային կարիքների համար ջուր բերել:
ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ` ադրբեջանական վերահսկողության ներքո է հայտնվել նաև այն ջրավազանը, որն ապահովում է Ջաղացաձոր, Գեղամաբակ, Այրք, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերը:
Գեղամաբակում, օրինակ, անգամ ստիպված են 1,5 կմ և ավել հեռավորությամբ հարևան գյուղից բերել ջուր` խմելու ու կենցաղային հարցերի համար ու այն էլ մեծ դժվարություններով` դույլով ու ոտքով, մեքենայով և այլն: Ջաղացաձորում մինչև ադրբեջանական ներխուժումները ջուր եղել է, իսկ 2021թ. մայիսից հետո բնակիչները լուրջ դժվարությունների առաջ են կանգնել:
Սոթքում ևս ջրի մեծ խնդիր կա. ջրավազանը, որից ջրագծով պետք է բերվի ջուր, գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների վերահսկողության ներքո:
Ջաղացաձորում ադրբեջանական ներխուժումներից հետո 100 հա արոտավայր գտնվում է դիտարկման ներքո, որն անհնարին է դարձրել մարդկանց կողմից այդ տարածքների օգտագործումը։
Գրեթե բոլոր գյուղերում մարդիկ նշել են, որ ստիպված են եղել վաճառել իրենց կենդանիները կամ դրանց մի մասը, քանի որ չեն կարողանում խոտի ձմեռվա անհրաժեշտ պաշար հավաքել. եթե առաջին տարին կարողացել են ինչ-որ կերպ լուծել խնդիրը, ապա այս տարի բարդություններն ավելանալու են: Ավելին, քանի որ գարուն է մոտենում, մարդկանց անհանգստացնում են անվտանգության հարցերը, իրենց հողատարածքները մշակելու, արոտավայրերում կենդանիներին արածեցնելու անհնարինությունը:
Օրինակ` Նորաբակում մարդիկ, իրենց հաշվարկով, զրկվել են 1300 հա արոտավայրից, վարելահողից, խոտհարքից: Բացի սրանից, ևս 200 հա դարձել է անօգտագործելի. սրանք այն հողատարածքներն են, որոնք գտնվում են ադրբեջանական տեղակայումների հարևանությամբ, բայց մարդիկ չեն կարողանում օգտագործել, քանի որ դիտարկման տակ և կրակոցներ են արձակվում: Այսինքն` գյուղի բնակիչները զրկվել են նշված տարածքների նկատմամբ իրենց սեփականության օրինական իրավունքներից:
Այս ամենից զատ, գյուղերը դիտարկվում են ադրբեջանական զինված ծառայողների կողմից (հատկապես Կութ, Նորաբակ, Սոթք և մի շարք այլ գյուղեր): Օրինակ` Մարդու իրավունքների պաշտպանի այցի ընթացքում ձեռք բերվեցին վկայություններ, որ գյուղերում ադրբեջանական կրակոցների ձայներ են լսում գրեթե ամեն օր։ Ինչպես նաև ադրբեջանական զինված ծառայողներն ահաբեկելու նպատակով գյուղերի ուղղությամբ արձակում են հեռահար լույսեր: Դա լուրջ անհանգստացնում է մարդկանց, քանի որ անվտանգության, կյանքի և մյուս կենսական իրավունքների մասին է խոսքը:
Կութում, Սոթքում, Նորաբակում, օրինակ, արձանագրվել են ադրբեջանական կրակոցներ, երբ մարդիկ արածեցրել են իրենց կենդանիներին։ Ավելին, բնակիչները նշել են, որ տարբեր անգամներ են լսել ինչպես են ադրբեջանական զինծառայողներն, իրենց համոզմամբ, հարբած վիճակում հայհոյում, վիճում իրար հետ ու կրակոցներ արձակում:
Այսինքն` փաստերը ցույց են տալիս, որ անվտանգության հարցը շարունակում է մնալ առաջնահերթ, խորացած են սոցիալական խնդիրներն` անհնարինության վերածելով մարդկանց կյանքը:
Հանդիպումների ժամանակ բարձրացվել են նաև անհատական հարցեր, որոնք ըստ Պաշտպանի իրավասության` ընթացք կտրվեն։
Այս այցերի ընթացքում տեղում ուսումնասիրվել են Մարդդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքներով բարձրացված հարցերը և Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում ստացված տվյալները։
Խախտումների վերացման իրական լուծումն ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով:
Սա պարզապես կենսական հարց է:
Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու առաջարկով՝ մինչև Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ավարտը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա այս գաղափարն արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.սեպտեմբերի 27-ի բանաձևում:
Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար:
Այս մոտեցումներն ուղիղ բխում են ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից:
Այս արդյունքները նույնպես կներառվեն Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում ու հաղորդումներում և կուղարկվեն միջազգային ու ՀՀ համապատասխան կառույցներին»,- գրել է Թաթոյանը: