ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն օրերս այցելել է Շիրակի մարզի «Արթիկ ՓԿՀ» և «Չեխ-Արմ-Ինվեստ» ընկերություններ։«ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունվարին և իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ: Ծրագիրն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը. վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում:

2018 թվականին Արթիկում հանրային նախաձեռնությամբ ստորագրահավաք էր իրականացվում Արթիկի թիվ 7 դպրոցը «Չեխ-Արմ-Ինվեստ» ՍՊԸ-ին օտարելու՝ կառավարության որոշումը վերանայելու նպատակով: Դպրոցը, հիշեցնենք, Կարեն Կարապետանի կառավարությունը թերբեռնվածության պատճառով օպտիմալացրեց, այնուհետև 20 տարի անհատույց օգտագործման իրավունքով օտարեց վերոհիշյալ հայ-չեխական ընկերությանը, որի 50 տոկոս բաժնեմասի սեփականատերը գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկ Ալեքսանյանն է : Մնացած՝ 50 տոկոս բաժնեմասը պատկանում է Չեխիայի Հանրապետությունում գրանցված «GALYA STYLE» ընկերությանը։ Ռեգիստրի տվյալներով՝ ընկերության սեփականատերը Արսեն Սարգսյանն է, իսկ գործադիր տնօրենները' եղբայրները՝ Արմեն և Անուշավան Սարգսյանները։ Ընկերությունը եղբայրները անվանել են մոր՝ Գալյա Սարգսյանի անունով։

Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխական իշխանությունները շարունակում են զբաղվել հայտնի օլիգարխի ընտանիքին պատկանող բիզնեսի փիառով, Հայաստանում գործում են տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող այլ ընկերություններ ևս, սակայն, պատկան կառույցների ուշադրության կենտրոնում ինչ-ինչ պատահականությամբ մշտապես հայտնվում են հենց Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունները: Նախկինների և ներկաների բիզնես համագործակցությունը այսպիսով նոր թափ է հավաքում և շարունակվում է: