ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյան ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նորից ուշանում է հակաճգնաժամային կարգավորման ծրագիրը՝ օբյեկտիվ իրավիճակին համարժեք, առավելապես կանխարգելման բնույթ ունեցող և անդառնալի տնտեսական կորուստներն կանխող, այլ ոչ թե հետևանքների հետևից գնացող։
Իսկ ի՞նչ է «մտածում» Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Թերևս մտածում է՝ այս անգամ ինչպես պետք է մոլորեցնի հանրությանը և արդարանա։ COVID-19-ը էլ ակտուալ չի․ շատ է դժվարացել դրա վրա սեփական ձախողումների հետևանքները բարդելը։
Անցնող վարքագծից պարզ է նաև՝ հիմա էլ մտքում արդեն ունեն և կամաց-կամաց ասպարեզ են բերում «արդարացման» նոր թեզը․ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները։
Զուգահեռաբար, մեր երկրում օր-օրի ծառանում են իրավիճակին ոչ համարժեք գործելու կամ անգործության նոր հետևանքները, վերջերս տրված նախընտրական չիրականացվող հերթական խոստումները՝ մակրոտնտեսական կայունություն, 2022 թվականին 7 տոկոսանոց տնտեսական աճ, պետական բյուջեի եկամուտների էական աճ, կապիտալ ներդրումների 60 տոկոսանոց աճ, գնաճի զսպում և այլն։
Կառավարությունը «մտածում» է, իսկ Կենտրոնական բանկն այսօր ստիպված եղավ հերթական անգամ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այս անգամ արդեն աննախադեպ չափով՝ մի անգամից 1,25 տոկոսային կետով բարձրացվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը և այն սահմանվեց 9 տոկոս։
Պարզ ասած՝ ահագնացող գնաճը զսպելու համար թանկացնում են պարտքով տրվող փողը՝ ապախթանելով տնտեսական ակտիվությունը, մարդկանց եկամուտների և բարեկեցության աճի իրական հնարավորությունները։
Լավ օրից չի։ ԿԲ-ի խուսանավելու ժամկետն այս տարի լրանում է։ Օրենքով է ամրագրված, որ արդեն 2022 թվականին ԿԲ-ն պարտավոր է գնաճի միջին ցուցանիշը վերադարձնել թիրախավորված մակարդակին՝ 4 +/-1,5 տոկոս։
Ակնհայտ է, որ շատ բարդ է լինելու գնաճի այս նոր ալիքի զսպումը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն անընդհատ բարձրացնելով, արտարժույթային պետական պահուստները մաշեցնելով և արտաքին պարտքը հետևողականորեն ավելացնելով։
Ձախողման փաստացի ռիսկը շատ բարձր է, իսկ տնտեսական անդառնալի կորուստներն անխուսափելի են։
Նման իրավիճակներում հակաճգնաժամային կանխարգելիչ ծրագրի ողջ ծավալով, օր առաջ գործադրումն այլընտրանք չունի, որին հակացուցված են պոպուլիզմը և պոպուլիստները։
Հակառակը ևս պարզ է․
Հայաստանի տնտեսական հյուծումը շարունակվելու է նոր թափով, անդառնալի կորուստներով, որն իր հերթին հանգեցնելու է բնակչության կյանքի որակի շարունակական նվազման, զուգահեռաբար՝ գործազրկության և աղքատության աճերի»։