Ինչպես հայտնի դարձավ, Երեւանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի տանն իրականացրած խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել էին քիչ չափաբաժնով հաշիշ:

Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանի հետ, որն ասաց իր դեմ հատուկ պատվիրատուները դավեր են նյութում.

«Շատ լավ գիտեմ՝ ով է կանգնած այս ամենի հետևում, մի քիչ ժամանակ անցնի, կիմանանք ով է, կարող է ես բմբուլով հնդի՞կ եմ: Պատվիրատուների ցերեկով անցած ճանապարհները ես գիշերները աչքերս փակ, վազելով եմ անցել: Այսքանը կասեմ, մնացածն էլ թող հասկանան ու սպասենք սալյուտին»,- նշեց Ներսես Պողոսյանը՝ մեջբերելով սպարապետի խոսքերը:

«Սպարապետը մի լավ խոսք ուներ, ասում էր՝ հողի կռիվ արե՛ք, ոչ թե աթոռի, որ աթոռը դնելու տեղ ունենա»,- ընդգծեց նա:

Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ ինչպես նշում է նա, իրեն ցանկանում են խանգարել, պատասխանեց պատճառը իր արդար աշխատելաոճն է. «Ոչ մեկը չի կարող ասել, որ պրն Պողոսյանը, այստեղ աշխատելով, բացի իր աշխատավարձից, 1000 դրամ ավել փող է աշխատել, եթե 1000 դրամ չի բերել համայնքին, հաստատ չի էլ տարել ու եթե սենց ես աշխատում, բնականաբար, շատ շատերին ցավացնում ես»,- ասաց նա՝ հավելելով, որ վաղուց պետք էր փակել կաթուցիչի թեման, այն հոգնեցնող է, իսկ երկրում ավելի լուրջ խնդիրներ կան:

Հետաքրքրվեցինք՝ ինչպես է հաշիշը հայտնվել իր տանը, հստակ պատասխան չտվեց. «Ինչպես է հայտնվել, ինչպես չի հայտնվել ու ինչ պայմաններում, այդ մենակ ես գիտեմ ու այն ընդհանրապես պահած չի եղել: Ես տեսել եմ, թե ոստիկանները ոնց են վազելով բարձրանում, բայց չեմ թաքցրել, այն վազի մեջ դրված է եղել. այդ փոքրիկ հաշիշի հետ դրված էին նաև փամփուշտները, սնարյադի մեկ կտորը, 2 հատ փոքր «Մարս» կոնֆետից ու դպրոցական երեխաների կողմից գրված մի քանի նամակները»,- նշեց նա՝ անկեղծանալով, որ, անգամ, մոռացել էր այդ հաշիշի առկայության մասին:

Վերջինս համոզված է, որ հիմա դրսում ամեն երկրորդի գրպանում կաթուցիչ կա, բայց թե ինչու է հենց իր անունը շոշափվում, չի կարողանում հասկանալ. «Թող հելնեն տեսնեն՝ ինչ է կատարվում փողոցում, հելնեք դուրս ու կանգնացնեք երիտասարդներին, նրանցից 12-ի գրպանից կաթուցիչ կհանեք, ուղղակի միայն պարոն Պողոսյանինն եք տեսնում՝ կանգնի՛, լա՛վ ա, Պողոսյանին բռնել ենք կիքսի վրա: Այսպես չի ձևը, պրն Պողոսյանը էլ ոչինչ չուներ արած. ով ինչ անում է, իրեն է անում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, մինչ այս դեպքը, մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Ներսես Պողոսյանի մոտ կաթուցիչ է հայտնաբերվել։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

Զվարթ Պետրոսյան