Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր մեղադրում Հանրապետական կուսակցության անդամներին, որ իր խոսքերով` աղքատ երկրում վերջիններիս հայտարարագրերում առկա թանկարժեք իրերը աչք են ծակում` տպավորություն ստեղծելով, որ Լուվրում ենք։
Իսկ որքանո՞վ են վերը նշված Լուվրից հեռու իր հեղափոխական թիմի անդամները, ՔՊ-ական պաշտոնյաները։
 
Դիցուք` ՔՊ ցուցակով պատգամավոր դարձած Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է նաև 4 միլիոն դրամը գերազանցող բազմաթիվ իրեր։ Նրա հայտարարագրում տեսնում ենք «Բրեգետ» և «Աուդեմար Պիգե» ընկերությունների երկու ժամացույցներ, համապատասխանաբար՝ 51 միլիոն 300 հազար և 82 միլիոն դրամ արժողությամբ, 1 կգ ոսկյա ձուլակտոր, որի արժեքը 32 միլիոն 55 հազար դրամ է, 2 հատ ոսկյա հուշադրամների հավաքածու՝ 18 միլիոն դրամ, 19 հատ նկարների հավաքածու, որոնց ընդհանուր արժեքը 532 միլիոն 900 հազար դրամ է, 300 հազար դոլար արժողությամբ ճաշասենյակի կահույք, հյուրասենյակի կահույք` 18 միլիոն դրամ արժողությամբ, խոհանոցի կահույք` 110 միլիոն արժողությամբ և ննջասենյակի կահույք` 62 միլիոն արժողությամբ։
 
Թանկանոց «Ռոլեքս» ժամացույց է հայտարարագրել իմքայլական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, ով մինչ այդ աչքի չէր ընկնում իր ունեցվածքով։
 
2019-ին ներկայացրած տարեկան հայտարարագրում այն ժամանակ դեռևս ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը հայտարարագրել էր 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք իրեր և զարդեր` առանց մանրամասներ ներկայացնելու։
 
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարագրում նշել էր 15 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերված ռոյալի առկայության մասին։
 
Ռոմանոս Պետրոսյանը «Միկշին» ընկերությունից ձեռք է բերել բնակարան՝ Արաբկիր վարչական շրջանում, 51 մլն 357 հազար դրամ արժեքով կամ շուրջ 106 հազար դոլարով, ինչը համարվում է թանկարժեք գույք։
 
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Դավիթ Կարապետյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք զարդեր, հնաոճ իրեր, իսկ դրամական միջոցը կազմում է 14.5 մլն դրամ:
 
Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխականների հայտարարագրերը վկայում են, որ վերջիններս ոչ նախկին պաշտոնյաներից են հետ մնում թանկարժեք իրեր և գույք հայտարարագրելուց, ոչ էլ առավել ևս Լուվրից...