Իշխանությունն այլևս հանձնել է Արցախը, ուստի դրա հետ կապված ամեն ինչ իրենց մոտ առաջացնում է կլինիկական մահ և հոգեվարքային ցնցումներ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից կազմակերպած ֆլեշմոբին, ըստ որի խորհրդարանական ընդդիմության պատգամավորները տարբեր մարզերում տեղադրում են Արցախի Հանրապետության դրոշը:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ տարբեր տարածքներում Արցախի դրոշի տեղադրումը բարոյական առումով հետաքրքիր քայլ է, բայց ներկայացնել դա իբրև հաղթարշավ, ճիշտ չէ. «Ընդդիմադիր որոշ պատգամավորներ յուրաքանչյուր մարզում դրոշը տեղադրում են և հետո գրում՝ մեր հերթական հաղթանակն ու հաղթարշավը: Այստեղ ունեմ որոշակի վերապահում՝ սեփական երկրում, սեփական դրոշը տեղադրել և այն համարել հաղթանակ մի քիչ, մեղմ ասած, խիստ չափազանցված է, այդ դրոշները Բաքվում չենք տեղադրել, կամ Շուշիում, որ համարենք հաղթանակ»,- ընդգծեց նախկին պատգամավորը:
Վերջինս ասաց, որ թեև մշտապես քննադատել է խորհրդարանական ընդդիմությանը, հիմա տեսնում է, որոշակի ակտիվություն և գործողոթյուններ նաև խորհրդարանից դուրս, որը բնականաբար չպիտի սահմանափակվի դրոշ տեղադրելով. «Եթե ամենը սահմանափակվելու է այդ գործընթացով, իհարկե, այս ամենը կլինի շատ անլուրջ: Ընդդիմության ազդարարած սկիզբը, իհարկե, ոգևորող է, եթե դրան հետևելու են ռեալ կոնկրետ քայլեր գործողություններ և եթե իրապես ընդդիմությունը ունի գործողությունների ճանապարհային քարտեզ»,- ասաց նա:
Մեզ հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև խորհրդարանական ընդդիմության կատարած այսօրվա հայտարարությանը, ըստ որի, նրանք որոշ ժամանակ չեն մասնակցի ԱԺ նիստերին, քանի որ մեկնելու են Արցախ այնտեղի խնդիրներին ծանոթանալու:
«Միանշանակ ողջունում եմ նրանց այդ նախաձեռնությունը, որովհետև ես նոր եմ վերադարձել Արցախից և Արցախի ժողովուրդը բացարձակ անորոշության մեջ է: Չկա մեկը, բացի Արցախի խորհրդարանի մի քանի ընդդիմադիր պատգամավորներից, որ խոսի ժողովրդի հետ, նրանք չգիտեն՝ վաղը, թե՞ մյուս օրն են նրանց փաթեթով հանձնելու Ադրբեջանին: Իրենք ուզում են տեսնել Հայաստանի ընդդիմությունից ադեկվատ ներկայացուցիչների, ովքեր իրենց հետ կխոսեն, կկիսվեն իրենց մտահոգություններով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինս այն կարծիքին է, որ պատերազմից հետո ձևավորված այս խորհրդարանում ընդդիմությունն անելիք չունի, մանդատներ պահելը, բացարձակապես, անիմաստ գործիք է, որը իրենց ոչինչ չի տալիս, իրենց աշխատանքը դրսում է՝ ժողովրդի հետ:
Զվարթ Պետրոսյան