Նիկոլ Փաշինյանի ԱԺ հայտարարությունները, ինչպես Արցախի քաղաքական դաշտում, այնպես էլ բնակչության մեջ մեծ տարակարծություն և տարակուսանք են առաջացրել: 30 տարի շարունակ Արցախը մտածել է՝ Հայաստանի Հանրապետութան իշխանությունները չեն կարող հատել կարմիր գիծը, այդ պատճառով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ արված հայտարարությունները որոշակի առումով ցասում են առաջացրել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:

Վերջինս այն կարծիքին է, որ ԱՀ ԱԺ-ի հայտարարությունը ևս մեկ անգամ սթափեցնող կոչ էր Հայաստանին, որ որևիցե գործողություն անելուց առաջ հասկանա արդյոք ունի դրա իրավունքը, թե ոչ.

«Թե ինչ ազդեցություն է ունեցել ԱՀ ԱԺ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի վրա Մոսկվա մեկնելուց առաջ, չեմ կարող ասել, սակայն նրա և թիմակիցների կողմից արված հայտարարությունները, թե Արցախի խորհրդարանի կողմից թյուրըմբռնում է եղել, կարծում եմ՝ հիմք են տալիս մտածելու, որ նրանք չեն ուզում շեղվել Ադրբեջանի հետ «խաղաղության օրակարգ» հաստատելու ուղղությունից: Միանշանակ է, որ ՀՀ իշխանությունները և ընդհանրապես հայ ժողովուրդը իրավունք չունի Արցախի Հանրապետության ճակատագրին վերաբերող հարցերում այնպիսի հայտարարություններ անել, որը տարընթերցումների տեղիք կարող է տալ»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Մամուլում շրջանառվող տեղեկությանն ի պատասխան՝ թե Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը սկսել են ակտիվ հանդիպումներ կազմակերպել քաղաքական գործիչների հետ Արցախը պաշտպանելու համատեքստում, նա ասաց. «Արցախի նախկին նախագահների հանդիպումներ կազմակերպելուց այս պահին որևէ տեղեկություն չունեմ, սակայն գիտեմ, որ գործող նախագահը հանդիպել է Արցախի երկու նախկին նախագահների հետ և այստեղ որևէ տարակուսելի բան չկա, քանի որ կան կենսական նշանակություն ունեցող հարցեր»,- նշեց նա՝ չբացառելով նաև Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելուց առաջ վերջինիս և Արայիկ Հարությունյանի միջև հնարավոր հանդիպումը.

«Բնական է Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի միջև եղած հանդիպումը, քանի որ որքան էլ Նիկոլ Փաշինյանը ցանկանա ներկայացնել, թե հարցեր կան, ըստ որոնց՝ քննարկումներ չեն կարող ընթանալ Արցախի վերաբերյալ, սակայն, միանշանակ, պարզ է, որ 30 տարի շարունակ ՀՀ-ի ցանկացած միջազգային հանդիպումներում իրենց առանցքային հարցը եղել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Սա ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար է կարմիր գիծ: Առանց Արցախի Հայաստանը շատ կարճ ապագա է ունենալու»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Այս քաղաքական խառը իրավիճակում, երբ Արցախի ճակատագիրը անորոշ է, Հակոբ Հակոբյանն ասաց, որ արցախցին ոչ թե վախեցել և խուճապի է մատնվել, այլ ընդհակառակը՝ պատրաստ է ամեն տեսակ մարտահրավերի.

«Կարծում եմ՝ արցախցին միշտ պատրաստ է դիմակայելու տարբեր խնդիրներին: Ցավալին այն է, որ հիմա էլ ստիպված է դիմակայելու ՀՀ իշխանությունների կողմից բարձրացրած խնդիրներին, որովհետև տարիներ շարունակ հայաստանյան և արցախյան «ժողովուրդները» միահամուռ են եղել գոնե այս հարցում: Արցախցին այսօր հասկանում է, որ ցանկացած խնդրի դեպքում ինքը ոչ թե պետք է խոճապի մատնվի, ոչ թե վախենա, այլ ընդհակառակը՝ ինքնակազմակերպվի: Չեմ կարծում՝ այս հարցը սոսկ Արցախում բնակվող հայերի հարցն է, Արցախի հիմնախնդրի վերաբերյալ ցանկացած հարց հայկական է, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը ուզում են լուծել ոչ թե Արցախի հարցը, այլ հայկականության, ուզում են փակել մեր պատմության էջը. որքան որ անհանգստանում է արցախցին, այդքան էլ պետք է անհանգստանա Հայաստանում ապրող հայը, որովհետև սա միասնական հարց է»,- նշեց նա:

Զվարթ Պետրոսյան