Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի գրառմանը. 
 
«Անի ջան, անկեղծորեն ցավում եմ՝ հետեւելով վերջին ամիսների քո գործունեությանը, անկեղծորեն ցավում եմ, որ երիտասարդ կնոջ խոսույթը բացառապես կարող է լինել փողի դիմաց ինչ որ բան անելու շուրջ։ Անի ջան, այո, կան կանայք, որ երկու շոր ավել գնելու համար, բոտեքսի մեկ ասեղի համար ինչ ասես կարող են անել, փողի դիմաց սիրով զբաղվող կանայք էլ կան, բայց այս օրերին փողի դիմաց, որքան դու ես սիրում կրկնել, փողոց փակող «ջահելներ» չկան։
 
Փողոցներ փակող ու պար բռնող երիտասարդները քո իմացած քաղաքական մարմնավաճառները չեն, որոնց պակասը քաղաքական դաշտում այսօր էլ, ցավոք, չկա։ Այդ պայծառ երիտասարդներից շատերը պատերազմի մասնակից են, ռազմի դաշտում ընկերներ են կորցրել, կրակոցների տակ նրանց դիերը հանել, ու հիմա իրենց, իրենց քույրերի ու սիրած աղջիկների, իրենց զոհված ընկերների փոխարեն պայքարում են հայրենիք ունենալու համար։
 
Լուսավոր ու պայծառ տղաներին ու աղջիկներին փողով փողոց փակող «ջահելներ» գիտես ինչո՞ւ ես անվանում, որովհետեւ քաղաքական գործունեությունդ սկսել եւ ավարտում ես մեկի հետ, ում Ալենը «հոգնած, անբարոյականի վաստակ, քաղաքական տրյապկա» է անվանում, բայց հիմա նույն այդ մարդը Ալենի թիմի հատուկ հանձնարարություններն է կատարում(ուզում եմ հավատալ, որ դրանցից քեզ բաժին չի հասնում)։
Եթե դու էլ «հատուկ հանձնարարություններ» կատարող չես, արի Ֆրանսիայի հրապարակ, նայիր այդ լուսավոր(քո իմացած լուսավորը չէ) «ջահելների» աչքերի մեջ ու թե կարող ես իշխանություններից ստացած այս տեքստը կրկնիր!»,-գրել է Խամոյանը: 
 
Ստորև ներկայացնում ենք Անի Սամսոնյանի գրառումը. 
 
«Տարիներ շարունակ փող բաժանեցիք, որ իշխանությունը պահեք, անցած տարի փող բաժանեցիք, որ դառնաք ընդդիմություն, իսկ հիմա փող եք բաժանում, որ ջահելները ձեր համար փողոց փակեն։
Այսինքն ձեզ բավարար չէր, որ սերունդներ փչացրիք՝ քվեի դիմաց մի երկու կոպեկ գցելով, հիմա էլ ուսանողությանն եք կաշառում կոպեկներով, հանում փողոց՝ անունն էլ դնում՝ հանուն հայրենիքի և Արցախի փրկության։
Ձեզ ոչ միայն չի կարելի իշխանություն տալ, այլ դուք պետք է վերանաք քաղաքական դաշտից՝ որպես ապազգային և անհայրենիք խմբակներ։ Այլ ելք չկա։
Մի բան պարզ է՝ հիմա ով ամենաբարձրն է գոռում հայրենիքի մասին, ամենասնանկն է իր հոգու խորքում»։