Կիևը ցանկանում է փաստաթուղթ ստորագրել, թե ինչպես է տեղի ունենալու Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից մարդկանց տարհանումը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ, չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։

«Մենք բանակցությունների նոր փուլ ենք սկսել հատուկ գործողության ճանապարհային քարտեզի շուրջ (Ազովստալից տարհանման վերաբերյալ - նշում է ՏԱՍՍ-ը): «Կարմիր խաչի» աշխատակիցները այսօր հանդիպում են ռուսների հետ: Մենք բանակցություններ ենք վարել «Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի, ինչպես նաև ՄԱԿ-ի հետ, և հայտնել ենք, որ ցանկանում ենք՝ փաստաթուղթ ստորագրվի՝ կոնկրետ ինչպես է տեղի ունենալու տարհանումը «Ազովստալից», մենք պատրաստվում ենք ստորագրմանը»,- հայտնում է Վերեշչուկի նախարարության մամուլի ծառայությունը Telegram-ի իր ալիքում։

Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան հանդես կգա՝ որպես միջնորդ բանակցությունների ընթացիկ փուլում։ Նրա խոսքով՝ տարհանման գործողությունը կիրականացվի մի քանի փուլով, որոնցից առաջինը ծանր վիրավորների տարհանումն է։

Մայիսի 7-ին Վերեշչուկը հայտարարել էր, որ բոլոր խաղաղ բնակիչները տարհանվել են գործարանի տարածքից։

Ինչպես հայտնի է, Մարիուպոլը ամենամեծ քաղաքն է Ազովի ծովի ափին, Դոնբասի մետալուրգիայի առանցքային կենտրոններից մեկն է և խոշոր ծովային նավահանգիստ: Ներկայումս Մարիուպոլում ուկրաինացի մի խումբ զինվորականներ արգելափակված են «Ազովստալ» գործարանի տարածքում։