Հայաստանի իշխանությունները հաճախ են խոսում այն մասին, որ հեղափոխությունից հետո երկրում հաստատվել է սիրո և համերաշխության մթնոլորտ: Սակայն, հենց այդ նույն իշխանություններն ամենատարբեր կալիբրի չինովնիկների միջոցով առիթը բաց չեն թողնում իրենց իսկ հայտարարությունները կասկածի տակ դնելու համար: Բանն այն է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել թավշյա պաշտոնյաների կողմից հպարտ քաղաքացիներին վիրավորելու, պիտակավորելու դեպքերը: Իհարկե, ժողովրդի կողմից իշխանության բերվածներն այսօր, թերևս, չունեն այդ ժողովրդի աջակցության կարիքը և կարող են իրենց թույլ տալ այս ժողովրդի տարբեր շերտերի հետ խոսել վերևից` մոռանալով, որ եկել էին ծառայելու և ոչ թե տիրելու: Ատելության խոսքի դեմ պայքարը նույնպես չի տալիս սպասված արդյունքները, քանի որ այդ վեհ գործին համացանցում այսօր լծված են հենց ՔՊ-ական պաշտոնյաները, ովքեր թիրախավորում են բոլորին՝ եկեղեցուն, արցախցիներին, և ընդհանրապես իրենց քաղաքական հայացքները չկիսող ցանկացած քաղաքացու:

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ, փոխտնօրեն Աշոտ Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում առաջարկում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին և նրանց ընտանիքներին «առնել» և մորթել։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում էր. «Վարչապետի հրաժարական պահանջողներին կարելի է փող տալ իրենց ու իրենց ընտանիքներին առնել մորթել»։ Կարճ ժամանակ անց նա խմբագրել էր գրառումը՝ հանելով «ընտանիքներին» բառը։ Գրառումը լայնորեն տարածվելուց և հասարակական կոշտ քննադատության արժանանալուց հետո հեռացվել էր: 

Վաղարշապատ համայնքի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանն իր մի գրառման մեջ, վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել ընդդիմադիրների եւ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հասցեին

Նիկոլ Փաշինյանի աջակիցը հրապարակայնորեն ատելության խոսք է տարածում՝ Արցախի և արցախցիների նկատմամբ։ Ոմն Արսեն Ավագյան, որը, ըստ ՖԲ֊ում առկա տեղեկատվության, ապրում է Սիսիանում և ակնհակտորեն իր աջակցությունն է հայտնում գործող իշխանություններին, արցախցիների հասցեին ակնհայտ ատելության խոսք է հնչեցնում, ինչն, ի դեպ , քրեորեն պատժելի արարք է և մեղադրում է արցախցիներին՝ Արցախը հանձնելու մեջ, նշում է, թե իբրև հայը տարիներ շարունակ աշխատել է, արցախցիներն էլ՝ կերել։

ՔՊ-ական սիսիանցի ակտիվիստ Արսեն Ավագյանը հայտնի է Հայ Առաքելական եկեղեցու դեմ իր կազմակերպած արշավներով և առանց որևէ խոչընդոտի շարունակում է նույն ոգով վիրավորել եկեղեցու սպասավորներին:

Նիկոլ Փաշինյանի թիկնապահ Ղազար Ղազարյանի՝ հայտնի «Ռյուկզակ բռնող» Ղազարի դուստր ներկայացող Սոֆյա Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում արցախցիների նկատմամբ բացահայտ ատելության խոսք է տարածում։ Նշենք, որ Ղազար Ղազարյանը Պետական պահպանության ծառայության սպա է՝ լեյտենանտ զինվորական կոչմամբ։

ԱԺ պատգամավոր  Լենա Նազարյանը իր էջում կիսվել է Նիկոլ Փաշինյանի սկանդալային գրառմամբ, որտեղ վերջինս առաջնագծում կանգնած տղաներին կոչ էր անում վերադառնալ և լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը: 

Իշխանական պատգամավորները, նախարարները տարածում են տեսանյութեր, որտեղ զինված մարդիկ սպառնում են սպանել իշխանության ընդդիմախոսներին։ Նման մի տեսանյութ է տարածել իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Տարածված տեսանյութում խոսող «կամավորականը» իրականում վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի ղեկավարի տեղակալ Գառնիկ Վարդանյանն է։

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի օգնականներից մեկը անցնելով խորհրդարանի միջանցքով և տեսնելով լրագրողներին նրանց հասցեին վիրավորական արտահայտություն է հնչեցրել։ Պատգամավորի օգնականը «դիշովկա» է անվանել լրագրողներին, ինչը նույնպես հրապարակային վիրավորանք է:

Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Աշոտ Մնացականյանը գերի ընկնելու վերաբերյալ ծաղրական գրառում է կատարել Ֆեյսբուքում: Գրառման մեջ վերջինս նշել էր. «Մանր չունեցող տաքսու վարորդները մահվանից հետո գերի են ընկնելու»:

Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքին վերաբերող 137.1 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձին վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, նշված արարքները պարբերաբար կատարելու համար: Կստանա՞ն վերը նշված անձինք օրենքով նախատեսված պատիժը, թե Հայաստանում տուգանվում և կալանավորվում են միայն իշխանությունների հասցեին ոչ պարկեշտ արտահայտություններ և ձևակերպումներ անող քաղաքացիները....