Երգիչների և նրանց պրոդյուսերների աշխատանքները հաճախ տարբեր սկանդալների թեմա են դառնում, շատ երգիչներ, երաժշտական խմբեր են միավորվում ու կազմաքանդվում երաժիշտների հարաբերությունների պատճառով: Այս տանդեմը, որի մասին ուզում ենք պատմել, ապացուցում է հակառակը՝ իրենց համագործակցության ամրությամբ: Թաթա Սիմոնյան և Պռոֆֆ` Արթուր Ասրյան աշխատանքային թիմը արդեն երկար տարիներ աշխատում և մեզ է նվիրում նոր ստեղծագործություններ: Այսօր այդ համագործակցության, ստեղծագորմությունների, մրցանակների և այլնի մասին զրուցում ենք Թաթա Սիմոնյանի երաժշտական պրոդյուսեր Արթուր Ասրյանի հետ:

-Ողջույն Արթուր, կարո՞ղ ենք Ձեզ դիմել Պռոֆֆ-ով, թե՞ դա միայն հարազատների համար է:

 -Ողջույն, ոչ, իհարկե, հանգիստ կարող եք դիմել, հակառակը` երևի մի քանի հարազատներ են, որ դեռ Արթուրով են դիմում, երաժշտական աշխարհը, ընկերները, գործընկերները ինձ վաղուց որպես Պռոֆֆ՝ պրոֆեսոր բառից առաջացած կեղծանուն է, գիտեն, ես էլ դրա հետ հաշտ եմ ապրում:

 -Պռոֆֆ, արդեն երկար տարիներ դուք միասին աշխատելով երևի շրջագայել եք ամբողջ աշխարհով, ունեցել եք համերգներ թերևս բոլոր մայրցամաքներում, բոլոր մեծ ու փոքր հայաշատ երկրներում ու քաղաքներում: Հայ հանդիսատեսը ձեզ սպասում է ամենուր: Հայաստանի հանդիսատեսը սպասում է հայաստանյան համերգին, ինչ եք կարծում` կարո՞ղ է դա տեղի ունենալ շուտով:

- Ճիշտն ասած, այս պահին դեռ մեզ սպասվում է մեծ շրջագայություն Եվրոպայով: Այն ավարտելուց հետո կարծում ենք կլինի նաև երևանյան համերգ:

- Իսկ նոր հեռուսատեսային նախագծեր չեն սպասվո՞ւմ:

-Այո, ճիշտ եք, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, փորձում ենք նոր նախագծեր մտածել:

-Բոլորս հիշում ենք տարիներ առաջ ձեր կազմակերպած մեծ «Համազգային աստղ» նախագիծը, որտեղից իրենց աշխատանքը սկսեցին մեր շատ հայտնի երգիչներ: Դուք եղել եք մրցույթի ժյուրիի անդամ, հետաքրիր է այդ ժամանակ կպակերացնեիք, որ նրանցից շատերը կդառնան այդքան հայտնի, կունենան մեծ համերգներ, մեծ լսարան:

 -Ոչ միայն ժյուրիի անդամ, այլ նաև երաժշտական պրոդյուսեր: Այո, իհարկե, պատկերացնում էինք, մեր թիմը հենց այդ նպատակն էլ դնում էր: Նոր երգիչները շատ երկրներում են հենց նման երաժշտական նախագծերից հայտնի դառնում: Մենք շատ լուրջ աշխատանք էինք կատարել, մեզ դիմել էին ավելի քան 400 մասնակից տարբեր երկրներից` Ամերիկայից, եվրոպական երկրներից, Ռուսաստանից, Վրաստանից: Նրանք էլ, կարծում եմ, շատ բան սովորեցին մեզանից: Շատ լուրջ թիմ էր աշխատում, ես եղել եմ նրանց ղեկավարը և կարող եմ ասել, մասնակից երգիչները օր օրի նոր բարձրունքներ էին գրանցում և այն ժամանակ արդեն նախանշվում էր, որ շատերը մեծ բեմերի կհասնեն, արդյունքը սպասել չտվեց՝ Նիգ Եգիբյանը, Ջոնի Կարապետյանը, Գիգորի Եսայանը, Artur Best-ը,  A.Chilla-ն մեր նախագծից են:

 -Իսկ չեք ցանկանո՞ւմ կրկին նման նախագծեր իրականացնել:

- Ցավոք, ոչ, որովհետև նման նախագծերը շատ ժամանակատար են, շատ աշխատանք են պահանջում և մենք չենք հասցնում մեր հիմնական աշխատանքը կատարել, առաջարկներ շատ կան, բայց գոնե հիմա նման մտքեր չունենք:

- Ձեր գործունեության երկար տարիների ընթացում Թաթա Սիմոնյանը և նրա երգերը բազմաթիվ մրցանակների են արժանացել: Կարծում եմ` այդ գործում մեծ է նաև ձեր դերը. Ազգային Երաժշտական մրցանակաբաշխություն 2003՝ հատուկ մրցանակ տարվա ամենահիթային երգերի համար, Tashir Music awards 2010` Best Albom-ի համար , Tashir Music awards 2013 Best Song, World Armenian Entertainment Awards 2013 տարվա երաժիշտներ, Armenian Pulse Music Awards 2015` Best Dance Song, Pan Armenian Entertainment Awards 2016 Համահայկական սեր նոմինացիա և այլն :

- Այո, ինչ խոսք, երաժշտական մրցանակները մեր գործունեության կարևոր գնահատակնն են, և մենք միշտ շնորհակալ ենք այդ գնահատականի համար:

-Որպես վերջաբան, ինչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Կմաղթեմ, երևի, պարզ մարդկային մի բան՝ բազում լավ էմոցիաներով լեցուն կյանք, որը միշտ կուղեկցվի  լավ երաժշտությամբ: