Կենտրոնական բանկը հրաժարվում է դրամն արհեստականորեն արժեզրկել` նկատելով, որ միայն արտահանողներին աջակցելու համար չարժե գնալ նման գնաճային ռիսկի։ Սակայն  մյուս կողմից՝ դոլարի արժեզրկումը հարվածում է  արտահանող բիզնեսին,  դրսի հետ աշխատող եւ դրսից դոլարային միջոցներ հայթհայթող բիզնեսին, տրանսֆերտներ ստացողներին: Այս հարցի շուրջ ԼՈՒՐԵՐ. com-ը զրուցեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ:

‹‹Նախ պետք է նկատել, որ կենտրոնական բանկը գոնե վերջին տարիներին երբեք շուկայի թրենդների դեմ արմատական որևէ քայլ  չի կատարել, որը որպես տնտեսագետ կարծում եմ հիմնավոր է և ճիշտ: Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ նման միջամտությունները արհեստական խթանիչներ են, որոնք կարճաժամկետ կարող են օգուտ տալ, իսկ հետո բավականին ծանր անդրադարձ  ունենալ. ինչպես ցույց են տալիս հաշվարկները՝  մի քանի տարի պետք է,  որ տնտեսությունն ուշքի գա:

Բացի այդ՝ ՀՀ-ն իր տնտեսության գերակշիռ մասով չունի մրցունակության այն մակարդակը, որը թույլ կտար ազատ շուկայական տնտեսության պայմաններում  արտաքին ճակատում հատկապես սուր մրցակցությանը դիմակայելու: Մենք ունենք նման ապրանքներ և ծառայություններ, բայց դրանց թիվը շատ սահմանափակ է. և դրանք որոշ չափով դիմակայում են:

 
 

Իհարկե, կան ավելի զգայուն ոլորտներ, օրինակ,  գինեգործությունը և  կոնյակագործությունը, որոնց շահութաբերությունը շատ մեծ չէ, և դրանք  իրենց  վրա կրում են ազգային արժեքի արժևորման բացասական ազդեցությունը››,-ասաց Մանասերյանը: 

Նրա խոսքով՝ այս պարագայում ՀՀ կառավարությունը պետք է ջանքեր գործադրի, փորձի որոշ չափով օգտակար լինել բիզնեսին, օրինակ, սուբսիդավորել արտահանմանն  ուղղված արտադրությունների համար վարկերի տրամադրման  տոկոսադրույքի մի մասը, արտահանողներին աջակցել շուկաներ գտնելու և այլ հարցերում:

Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտին, նա նշեց, որ այն կունենա եկամուտների կրճատման խնդիր, բայց քանի որ  մեծ տեմպերով զարգանում  է,  կարող է դիմակայել և այն վնասը չի կրի, ինչ գինեգործությունն ու կոնյակագործությունը:

 

Դրամի արժևորումը բացասական անդրադարձ կունենա նաև տրանսվերտներ ստացողների վրա:

 
 

Թաթուլ Մանասերյանի  խոսքով՝ դոլարի արժեզրկմանը նպաստող հիմնական գործոնները ԱՄՆ-ի էժան դոլարի քաղաքականությունն է և Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունները: 

 

Սուսաննա Թամազյան