«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը երեկ ԱԺ-ի որոշմամբ իր գործընկերների՝ Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի պաշտոնանկություններից հետո վայր դրեց պատգամավորական մանդատը: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նա նշեց, որ ամենակարևոր սկզբունքը, որ իրենք որդեգրել են, պայքարն է հանուն հայրենիքի պաշտպանության:

«Մեր պայքարը բացառապես վերքաղաքական է, հայրենիք ունենալու, հայրենիքը պաշտպանելու համար է. մեր վճռականությունն այդտեղից է գալիս: Այս ազգադավ ընթացքը տանում է հայրենիքի կործանման, հայրենազրկման, և մենք ուրիշ տարբերակ չունենք, քան պայքարելն է. մենք մեր սերունդներին պետք է փոխանցենք ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ու Արցախի Հարապետություն, իսկ պայքարը հեշտ չի լինելու, լինելու է նաև զոհողությունների գնով»,- մեզ հետ զրույցում նշեց Թ. Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ գործող իշխանության օրակարգն է ոտնահարել սահմանադրությունն ու օրենքները՝ դրանք ստորադասելով մեկ անձի քմահաճույքներին, կամքին:

«Եթե նրանք այս օրակարգով են առաջնորդվում, ապա թող վերցնեն բոլոր պաշտոնները. պատգամավորական մանդատը մեզ համար ինքնանպատակ չէ: Իրենց թվում է, թե պաշտոնից, մանդատից զրկելով՝ փորձելու են ճնշել ընդդիմադիրներին, մասնավորապես «Դիմադրության» շարժմանը: Մենք մեր հրաժարականներով ցույց տվեցինք, որ դա այդպես չէԶ»,-ավելացրեց նա:

Թ. Ավետիսյանը նշեց, որ իրենք բոլոր հնարավոր ձևերով, անկոտրուն պայքար են մղելու մինչև հաղթանակ:

««Դիմարության» շարժումը նոր՝ կառուցվածքային փոփոխություններ է կրելու, տարբեր տարածքներում ձևավորելու է «Դիմադրության» բջիջներ, օջախներ, նաև ոլորտային հանձնախմբեր: Մեր աշխատանքները շարունակվում են բավականին ինտենսիվ»,-եզրափակեց նա:

Սուսաննա Թամազյան