Շախմատիստուհի Լիլիթ Գալոյանն ահազանգում է.

«Հիմա Զվարթնոց օդանավակայանում տասից ավելի օտարերկրացիներ երկար ժամեր է սպասում են որպեսզի վիզա ստանան Հայաստան մուտք գործելու համար:

Բայց նրանք դեռ պետք է սպասեն, քանի որ Հայաստանում տոն օր է եւ օդանավակայանի վիզաների վարչությունը չի սկսել իր աշխատանքային օրը, ավելին՝ տոն օրերին պարզվում է չի էլ աշխատում այդ վարչությունը։

Օդանավակայաններում տեսել եմ վիզա ստանալու մեծ հերթեր, բայց չեմ տեսել, որ վիզաների վարչությունը չաշխատի։

Հիմա ի՞նչ անեն այս օտարերկրացիները, սպասեն Հայաստանում տոնը ավարտվի, սա ի՞նչ գործելաոճ է»,- գրել է քաղաքացին:

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Հուլիսի 5-ին սոցիալական կայքի օգտատերերից մեկը, ապա նաև ԶԼՄ-ներում հրապարակում է արվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գիշերային չվերթերի ժամանումից հետո անձնագրային բաժանմունքում Հայաստան ժամանած օտարերկրացիներին մուտքի վիզա տրամադրելու համար աշխատակիցները տեղում չեն եղել, ինչը պատճառաբանվել է իբրև ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքով:

Հրապարակման կապակցությամբ պարզաբանում ենք՝

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետական սահմանի անցման կետերում ծառայություն իրականացնող բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանի բաժինը, աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Սույն թվականի հուլիսի 4-ի և 5-ի հերթափոխները ծառայությունն իրականացրել և իրականացնում են ամբողջական կազմով, հերթափոխը կատարվել է սահմանված ժամին և ստորաբաժանումներն իրականացնում են օրենքով վերապահված բոլոր գործառույթները՝ անկախ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից։

Կրկին խնդրում ենք լրատվամիջոցներին հրապարակել ստույգ և ճշգրտված տեղեկություններ»։