ՀՀ Լոռու մարզի դատախազությունում մեղադրական եզրակացությամբ ստացվել է Օձուն գյուղում 2021թ. փետրվարի 20-ին կատարված Աշ. Ջանինյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենս­գրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից գործի նյութերի ստուգմամբ պարզվել է, որ առկա են քրեական ենթամշակույթին բնորոշ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ:

Մասնավորապես, սպանության վերաբերյալ գործով նախաքննության ըթնացքում կատարված քննչական, օպետաիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ հանդիսացող, ներկայում արտերկրում գտնվող «օրենքով գող» Ա. Ջ.-ն, որպես քրեական հեղինակություն, ստանձնելով նախկինում Վ. Բ.-ի և Ա. Մ.-ի միջև տեղի ունեցած վեճի լուծումը, 2021թ. փետրվարի 20-ին հեռախոսային խոսակցություն է ունեցել Ա. Մ.-ի հետ: Դրա ընթացքում իր կարգավիճակից բխող պահանջներ է ներկայացրել վերջինիս, սակայն խոսակցության ընթացքում Ա.Մ.-ն ընդհատել է խոսակցությունը: Ա. Ջ.-ն այդ արարքը համարելով որպես «օրենքով գողին» հասցված վիրավորանք՝ իր այդ կարգավիճակը ու հեղինակությունը պահպանելու համար հանձնարարություն և ցուցում է տվել Աշ. Ջանինյանին պատժել՝ «սատկացնել» իրեն չենթարկվող Ա. Մ.-ին: Արդյունքում Աշ. Ջանինյանը նույն օրը հանդիպել է Ա. Մ.-ին, սակայն վերջինս նախապես իր մոտ գտնվող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Աշ. Ջանինյանի վրա և սպանել նրան:

Նկատի ունենալով, որ քրեական գործի նյութերում առկա են փաստական տվյալներ անձի կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու վերաբերյալ՝ 2022թ. հունիսի 30-ին մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն:

Իսկ դատախազությունում ստացված Աշ. Ջանինյանի սպանության վերաբերյալ քրեական գործով դատախազը հաստատել է մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: