Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում ամուսինները ծեծի են ենթարկել զինված հանցագործին` հենց նրա ատրճանակով: Միջադեպը տեսաձայնագրվել է, հաղորդում է Daily Mail-ը։

Շենքերից մեկի վրա տեղադրված CCTV տեսախցիկի տեսանյութում երեւում է, թե ինչպես են տղամարդն ու կինը քայլում փողոցով։ Հանկարծ մի ավազակ մոտոցիկլետով մոտենում է նրանց։ Հանցագործը խոսում է նրանց հետ, որից հետո ձեռքը մեկնում է պիջակի տակ թաքցրած ատրճանակին։

 

Տղամարդը նրանից ակնթարթորեն խլում է ատրճանակը, որը, պարզվում է, խաղալիք է։ Կինը շտապում է սիրեցյալին օգնելու։ Նրանք միասին կարողանում են զինաթափել ավազակին ու գետնին տապալել։ Տղամարդն ու կինը սկսում են ատրճանակով ու սաղավարտով հարվածել նրա գլխին։

 
 

Կադրերում երևում է, թե ինչպես է կողոպտիչը ձեռքերը երկարացնում՝ փորձելով դադարեցնել ծեծը։ Չնայած դրան, պատիժը շարունակվում է՝ ամուսինները նրան քարշ են տալիս փողոցով և հերթով ծեծում։

Նրանք տղամարդուն բաց չեն թողել, մինչև որ դեպքի վայր են ժամանումոստիկանները և ձերբակալում նրան։ Վնասվածքներ ստացած հանցագործին տեղափոխել են տեղի հիվանդանոց: Նրան կտեղափոխեն տեղի բանտ, հենց որ նրա առողջությունը թույլ տա։

Նշվում է, որ մոտոցիկլետը, որով վարել է կասկածյալը, վերջերս գողացվել է Կամպինաս քաղաքում։