Մի քանի օրից սկսվելու է շախմատի համաշխարհային օլիմպիադան։ Մենք ունենք լավ թիմեր՝ կանանց և տղամարդկանց, որոնց ողջ սրտով, իհարկե, երկրպագելու ենք։
Բայց կար ժամանակ, երբ մենք ֆավորիտն էինք. երկար տարիներ մեր թիմը համարվում էր հաղթողի ամենահավանական թեկնածուն։ Մեզնից վախենում, ոմանք՝ չէին սիրում։ Բայց մենք ուժեղ էինք, ու մեզ բոլորը հարգում էին։ Մենք ունեինք «էլիտ կլասի» գրոսմայստերներ, էլիտ կլասի թիմ ու այլ մթնոլորտ։
Շախմատային օլիմպիադան և այլ՝ խաղաղ մրցակցության հարթակները վաղուց զուտ մարզական միջոցառումներ չեն։ Դրանք պետությունների և հասարակությունների «կլասի»՝ համաշխարհային դասակարգման սանդղակում որոշակի մակարդակի ցուցանիշներ են։ Կար ժամանակ, երբ մենք ամենաբարձրակարգների փոքր խմբում էինք։
Հիմա Լ. Արոնյանը խաղալու է ԱՄՆ-ի թիմում, և հենց այդ թիմն է համարվում ֆավորիտը։ Գուցե խաղա մեր դեմ, գուցե չխաղա։ Դա չէ էականը։
Էականը մեր մեծ, չօգտագործվող պոտենցիալն է և պետության այսօրվա «որակազրկված» վիճակը։
Երեկ կարդում էին աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի ծավալուն ու շատ հետաքրքիր հարցազրույցը։ Ի թիվս այլ թեմաների՝ Կարպովն ասում է, որ իր և նահանգապետի ջանքերով սեպտեմբերից Տյումենի նահանգում կարող է շախմատը բոլոր դպրոցներում դասավանդման առարկա դառնալ և շեշտում. «Սա աշխարհում առաջին դեպքն է, երբ շախմատը պարտադիր դասավանդվում է դպրոցներում»։
Իհարկե, եթե դու տեր չես կանգնում քո ձեռքբերումներին, ուրիշն էլ այդպես կասի։
Հիմա բոլոր ոլորտներում գողանում են նորարական մտքեր, նոր գաղափարներ, տեխնոլոգիաներ... ամեն առաջադեմը։ Այդպիսին է աշխարհը։ Շատ կարևոր է սեփական ձեռքբերման պահպանումը, հաջողության հիշողությունը, այդ հիշողության վրա՝ հաջողության զարգացումը։
Քաղաքական հակասությունները, վայրիվերումները, իշխանության փոփոխությունը, նույնիսկ՝ սուր հակամարտությունը չպետք է պատճառ դառնան պետության և ժողովրդի՝ տարբեր ժամանակներում ձեռքբերումների ուրացմանը։ Ո´ր պետությունը գնացել է այդ ճանապարհով, աղետների է առերեսվել։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ