Նիդեռլանդների Հայ դատի գրասենյակի ատենապետ Մասիս Աբրահամյանը, ում մուտքը Հայաստան արգելել են, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր առավոտյան, երբ եկան իմ հետևից Զվարթնոցի տարանցիկում, համակված էի սարսափելի հուզմունքով, որն իհարկե բնական էր. մարդ ամեն օր չի վտարվում սեփական հայրենիքից։ Երեք երիտասարդ տղամարդ աշխատակիցների մոտ ըմբռնումի նշույլներ չտեսա, բայց մի սիրունիկ աղջնակ աշխատակցուհի շատ կարեկից հայացք ուներ։ Ինձ տարան մինչև ինքնաթիռի դուռը և հետո միայն տվեցին անձնագիրս, խիստ պահպանելով կանոնակարգը, կարծես ամենավտանգավոր հանցագործի են վտարում։

Նրանց ասացի, որ Նիկոլը կարծում է, որ ինձ երկրից հեռացնելով կարող է ինձ չեզոքացնել, բայց թող իմանա, որ շուտով վերադառնալու եմ, որպեսզի անձամբ ուղեկցեմ իրեն դեպի դաժան դատաստան։ Քիչ անց երբ հուզված ու լքված նստած էի ինքնաթիռի ամենավերջին աթոռին, աղջնակը վազելով եկավ մոտս, ձեռքս սեղմեց և ասեց մի հուզվե՛ք, շատ շուտով կվերադառնաք։

Ուզում էի նրան գիրկս առնել և շնորհակալություն հայտնել, հարմար չեղավ։ Այսու հայտնում եմ երախտիքս։ Հենց նա և նրա նմաններն են իսկական հայրենիքը, մնացածը ծովի փրփուր են։

Ապրես աղջիկս, ինձ հաղթելու ամենամեծ հույսը տվեցիր»։