«Արցախի վերջին դեպքերի հիմնական պատճառն այն է, որ թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող ՀՀ իշխանությունները չունեն հստակ դիրքորոշում և պետական ինստիտուտների մակարդակով ձևակերպված հստակ պահանջներ թե՛ Ադրբեջանին, թե՛ միջազգային հանրությանը»:

Անդրադառնալով Արցախում գրանցված վերջին էսկալացիային՝ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը:

Նրա պնդմամբ, մինչև ՀՀ-ն չձևակերպի հստակ պահանջներ, Ադրբեջանը շարունակելու է սադրանքները:

«Ադրբեջանը մեր թշնամին է, չէ՞... Բնական է, որ պիտի ստեղծված իրավիճակի համար Բաքուն մեղադրի հայկական կողմին: Ավելին, Ադրբեջանը կշարունակի լկտի պահվածքը, չկատարել պարտավորությունները, չվերադարձնել գերիներին, դիրքավորվել այնտեղ, որտեղ ցանկանում է, կրակել՝ երբ ուզում է: Առհասարակ խելամիտ չէ այլևս մեկնաբանել ադրբեջանական կողմի տեսակետները...», - մեզ հետ զրույցում ասաց քաղաքական գործիչը:

Նրա պնդմամբ, պահանջատեր պետք է լինի նաև հասարակությունն ու չորրորդ իշխանությունը՝ լրագրողական համայնքը, երբ միջազգային հանրությունը, ԵՄ-ն, Վաշինգտոնն ու այլ ուժային կենտրոններ հավասարության նշան են դնում և կողմերին հավասարապես կոչ անում դադարեցնել ուժի կիրառումը:

«Երեկ արցախցիները գնացել են և իրենց հստակ պահանջը ներկայացրել ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներին, իսկ ի՚նչ ենք անում մենք այստեղ, Հայաստանում: Երեկ ՀՀ ԱԳՆ-ն ինչ-որ լղոզված հայտարարություն արեց, թե հայկական կողմը հարյուր տոկոսով կատարել է նոյեմբերի 9-ի պահանջները, ՊՆ-ն էլ հայտարարեց, թե հայ-ադրբեջանական սահմանին խաղաղ իրադրություն է: Էլ ի՞նչ ենք պահանջում, թող միանգամից ասեն՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ չկա...»,- ընդգծեց Պողոսյանը:

Արա Ալոյան