Ինչպե՞ս ազատվել կապիտուլյանտների իշխանությունից կամ 5 բան, որ չեն անում ազգային ուժերը։ Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում առանձնացրել է անհրաժեշտ հինգ քայլերը։
«Սրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլերն են, որոնք պետք է գիտակցվեն ու կողմնորոշիչ լինել ազգային ուժերի կողմից հաջողության հասնելու համար։
1. ՀՀ բնակչության, էլ չասեմ՝ Սփյուռքի, մեծամասնությունը Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի մասին պատկերացում է կազմում գերազանցապես այն աղբյուրներից, որոնք եթե ոչ ուղիղ, ապա միջնորդավորված անդադար և արդյունաբերական մասշտաբներով կրկնում են իրադրության մասին կապիտուլյանտների ստեղծած թեզերն ու պատումները։ Սա ապացուցված է գիտությամբ ու տասնյակ փաստերով։ Կապիտուլյանտներն ունեն բացարձակ գերազանցություն տեղեկատվական դաշտում։ Բացարձակ։
2. Ազգային ուժերը, ցավոք, մինչև այս պահը չեն ստեղծել անհրաժեշտ մեխանիզմներ իրավիճակի վերաբերյալ իրական պատկերը հանրության մեծամասնությանը հասցնելու, այլ բառերով՝ իրազեկելու համար։ Չեն ստեղծել, այդ պատճառով էլ չկա հանրության մեջ իրավիճակի իրական դրություն և, ըստ այդմ, ադեկվատ արձագանք։
3. Ազգային ուժերի կողմից անդադար լյումպեն մարդկանց (որոնք ցանկացած հասարակության մի քանի տոկոսն են կազմում), մատնանշելով որպես ժողովրդի հավաքական կերպար, ոչ միայն խեղաթյուրում է իրավիճակը, այլև պարտության երաշխավորված պատճառ է։ Հանրության ճնշող մեծամասնությունը տարբեր կերպ, բայց հասկանում է, որ իրավիճակը խնդրահարույց է, սակայն դրանից ավել աշխատանք չի տարվում, որպեսզի այդ ընկալումը ուղղորդվի ճիշտ գործողությունների։
4. Հայ հասարակ մարդու հետ գրեթե ոչ մի աշխատանք չի տարվում։ Ազգային ուժերի մեծամասնությունը սահմանափակվում է ֆեյսբուքում գրառումներ անելով կամ հարցազրույցներ տալով նվազ ազդեցություն ունեցող լրատվամիջոցներին։ Դա բլոգերություն է, ընդդիմադիր բլոգերություն, բայց ոչ քաղաքականություն։ Քաղաքական գործիչներն ու կազմակերպությունները ամենօրյա անդուլ աշխատանք պետք է տանեն, որից սոցցանցերում գրառումները միայն մի մասն են կազմում։ Մարզային, համայնքային ամենօրյա աշխատանքը մարդու հետ դեմ առ դեմ այլընտրանք չունի։ Առանց դրա ոչ միայն ցույցն է ունենալու քիչ քանակ, այլև չի ունենալու անհրաժեշտ արդյունքը։
5. Ազգային ուժերը պետք է լինեն ոչ միայն պայքարի կազմակերպիչ, այլև այդ պայքարում օրինակ, որին կհետևեն մյուսները։ Անտեղի մեղադրելով ժողովրդին՝ այդ պայքարը ոչ միայն չի հաղթի, այլև չի էլ սկսվի։
Անհրաժեշտ է Քրիստոսի օրինակով «աղը ցանել» ու «հասկը մշակել»։ Ժողովուրդը ունի վերնախավ, որի առաջին և գլխավոր խնդիրն է անձնվիրաբար հոգալ ժողովրդի կարիքները։ Եթե այն ցանկացած պատրվակով չի անում դա, ապա այլևս վերնախավ չէ։
Եթե այս կետերը լինել ուղենիշային, ապա մեր պայքարը ավելի կդյուրանա, իսկ կատարած քայլերի արդյունավետությունն անմիջապես կբարձրանա։ Ազգային ուժերի բուն խնդիրը տեխնիկական չէ, գաղափարական է։ Իսկ մնացածը՝ ավելի տեխնիկական հարցեր են, որոնք լուծելի են։ Առանց սրանց ոչ հիմա, ոչ երկու տարուց հաջողություն չենք ունենալու»,- գրել է Գեղամյանը։